ՎԱՐԴԱՆԻ ՈՒՐԱՑՈՒՄԸ, ՆԵՐԲՈՂՅԱՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ

451 թ. Պարսկաստանում գերված հայ քրիստոնյա նախարարները կրակապաշտություն ընդունելու սպառնալիքի տակ որոշեցին առերես ուրանալ Քրիստոսին: Կարո՞ղ ենք արդյոք նախարարների դիվանագիտական քայլն ուրացում համարել այս բառի բուն իմաստով:

Ո՛չ, որովհետև ուրացումը սոսկ անունով քրիստոնյա լինելն է, ուրացումը գառան մորթիով գայլ լինելն է և դարձյալ՝ ուրացումը քրիստոնյա լինելով հանդերձ Քրիստոսի պատվիրանները խախտելն ու չկատարելն է: Նախարարների այս քայլը խորամանկ քաղաքականություն էր, և Վարդան Մամիկոնյանն էլ այդպես էր համարում, որովհետև իր ճառում ասում է.

«Մանավանդ ես չեմ մոռացել, թե ինչպես այն ժամանակ անօրեն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք: Բայց Տերն Ինքը վկա է մեզ, թե ծածուկ մտադրություններով ինչպես անբաժան ենք մնացել Նրանից»:

***

Հերոսությունը ծնվում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ համարձակների քաջագործությունից: Բազմաթիվ մարդիկ են ապրում, բայց նրանցից հերոսանում են միայն քչերը, և բազում քրիստոնյաներ են եղել, բայց սուրբ են դարձել սոսկ սակավները:

Ժողովուրդը, կարծես, բնության ճանապարհն է` մի քանի մեծ մարդկանց հասնելու համար, և քրիստոնեությունն էլ, կարծես, կրոնի ճանապարհն է` երբեմն լոկ սակավաթիվ սրբեր կերտելու համար:

Սակայն պատմության մեջ եղավ մի պահ, երբ նախախնամությունը, արդեն հոգնած ընտիրը կաթիլ-կաթիլ քամելուց, որոշեց խախտել այս օրինաչափությունը, և հայ ժողովրդի սրբության ու հերոսության ծառը միանգամից պտղաբերեց բազում սրբեր և հազար երեսունվեց հերոս-նահատակներ, որոնց կոչում էին Վարդանանք: