ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ավարայրի ահեղ ճակատամարտը սկսվեց 451 թ. մայիսի 26-ին` շաբաթ օրը:

Ընդունված է ասել, որ Սուրբ Վարդանանք պարտվեցին և միայն բարոյական հաղթանակ տարան: Սակայն Վարդանանաք իրապես հաղթեցին, որովհետև այս ճակատամարտով սկսված հետագա տարիների պայքարի արդյունքը եղավ հայերի կրոնական ազատությունն ու ինքնավարությունը:

Եվ Սուրբ Վարդանանաց շարականի մեջ էլ նրանք կոչվում են հաղթո՛ղ զորականներ:

Պատերազմում հաղթանակ բերող առաջին զենքն աղոթքն է: Աղոթքով հաղթեց Դավիթը Գողիաթին (Ա Թագ. 17.45-50): Եվ ամաղեկացիների դեմ կռվում էլ իսրայելացիներն աղոթքի զորությամբ հաղթեցին, որովհետև երբ աղոթող Մովսեսը ձեռքերը երկինք էր բարձրացնում, հաղթում էին, իսկ երբ իջեցնում էր, սկսում էին պարտվել (Ելք 17.11):

Վարդանանց պատերազմի մասին գրել է այս իրադարձություններին ականատես պատմիչ Եղիշեն: Եվ կարող ենք ասել՝ ճակատամարտի ժամանակ նա անդադար աղոթելիս է եղել, որովհետև նրա պատմությունը կարդալիս այդ անցուդարձի, ճակատամարտի ահեղ շառաչյունի, ծխի ու փոշու ամպերի միջից հնարավոր չէ չտեսնել Մովսեսի նման ձեռքերը երկինք կարկառած աղոթող Եղիշեի կերպարը: