ՎԱԽ ԵՎ ԵՐԿՅՈՒՂ

Ի՞նչ է վախը, հիվանդությո՞ւն, թե՞ հոգեվիճակ:

Վախը նախ և առաջ զգացում է, որն առաջանում է վտանգի կամ սպառնալիքի առջև գտնվելիս, ինչպես նաև անծանոթ և տարօրինակ միջավայրում, իրավիճակներում լինելիս: Վախի հասկացությունն արտահայտելու համար գործածվում են տարբեր բառեր` ըստ վախի ուժգնության աստիճանի, ինչպես օրինակ` անհանգստություն, տագնապ, երկյուղ, վախ, սարսափ, ֆոբիա:

Վախն առաջին հայացքից բացասական է թվում, սակայն այն նաև հանդես է գալիս իր դրական առումով, քանի որ օգնում է մարդուն ճանաչել վտանգները և զգուշանալ դրանցից, այսինքն` այն նաև ինքնապահպանության և ինքնապաշտպանության կարևոր ազդակներից մեկն է:

Վախը ծնվո՞ւմ է մարդու հետ: Ե՞րբ է մարդը վախենում:

Վախը դասակարգում են երեք տարբեր խմբերի` բիոլոգիական կամ կենսաբանական, սոցիալական և էքզիստենցիալ կամ գոյաբանական: Էվոլյուցիոնիզմի տեսությունը հանգեցրել է նաև էվոլյուցիոնիզմի հոգեբանության ծագմանը, ըստ որի` կենսաբանական վախերը յուրահատուկ են մարդուն ի ծնե, բնազդային սկզբնավորություն ունեն և ի հայտ են գալիս, երբ մարդուն ֆիզիկական վտանգ է սպառնում:

Այդ վախով մարդն անմիջապես նահանջում է վտանգից, պահպանում իր գոյությունը և դրա շնորհիվ է, որ մարդ տեսակը կարողացել է գոյատևել ու բնական ընտրության միջոցով դառնալ բոլոր արարածներից ամենահարմարվածը իրեն շրջապատող կենսաբանական պայմաններին:

Սոցիալական վախերը կապված են հասարակության մեջ տարբեր իրողությունների հետ, ինչպես, օրինակ, աշխատանքը կորցնելու, հեղինակությունից, հարգանքից զրկվելու և այլն: Սոցիալական վախերը կարող են լինել նաև բռնատիրական հասարակարգերում, երբ մարդիկ զգուշանում են իրենց կարծիքներն ազատ արտահայտել` վախենալով հասարակության մեջ դիրքը կորցնելուց, ինչպես նաև խիստ պատժի, անգամ մահապատժի ենթարկվելուց: Այս պարագայում, ըստ վերոնշյալ դասակարգման, սոցիալական վախը կապված է նաև կենսաբանական վախի հետ:

Էքզիստենցյալ վախն առնչվում է մահվան, գոյության շարունակման խնդիրներին: Էքզիստենցիալ վախի տեսակ է մահ երևույթից վախը, որը հատուկ է մարդուն: Այս տեսակի վախի հաղթահարմանը ձգտելու դրսևորում են նկատվում կրոնները, որոնք ուսուցանում են հավիտենական կյանքի, անդրաշխարհի իրողությունների մասին:

Նման տեսակետով կրոնը մահվան հանդեպ վախը փոխարինել է մահից հետո հավիտենության մեջ պատահելիք իրողությունների հանդեպ վախով, երբ մարդիկ այս կյանքում ապրում են մահվան հանդեպ վախի հաղթահարումով՝ վախենալով հավիտենության մեջ դժոխքի դատապարտվելուց, հավերժական տանջանքներից և այլն:

Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքներից մեկում արտահայտվում է այս իրողությունը: Շնորհալին իր կազմած աղոթքում, դիմելով Տիրոջը, ասում է. «Բևեռիր իմ հոգում մահվան սոսկալի օրը, գեհենի երկյուղը»: Այստեղ վախը` երկյուղը դրսևորվում է հիմնականում գեհենի` դժոխքի նկատմամբ:

Ո՞րն է վախի և երկյուղի տարբերությունը:

Վախը և երկյուղը հաճախ գործածվում են որպես հոմանիշներ: Սակայն «երկյուղ» բառը նշանակում է նաև պատկառանք, երբ նման զգացման մեջ հարգանքի նշան կա այն անձի հանդեպ, ում նկատմամբ ծագում է զգացումը: Այսպես նաև երկյուղելով մեկից` ցանկանում ենք գործերով նրան չվշտացնել, այլ կատարել նրան հաճելի արարքներ:

Կարելի է երկյուղ կոչել նաև փոքրիկ երեխաների հանդեպ վերաբերմունքը, երբ ծնողները կամ շրջապատի մարդիկ զգուշանում են երեխային վիշտ, տխրություն, նեղսրտություն պատճառող արարքներից, խոսքերից, որպեսզի չլինի թե փոքրիկին վշտացնեն:

Նաև ծնողների հանդեպ երեխաների վերաբերմունքն է այսպիսին, երբ զավակները չցանկանալով ծնողներին վշտացնել, վարվում են ըստ նրանց կամքի և ծնողներին հաճելի վարմունք դրսևորում:

Կարդալ նաև`