ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԽՈՀԱՆՈՑԻՑ ԴՈՒՐՍ

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Սրբության ձգտումը տեսնում ենք ոչ միայն կենդանի մարդու մեջ, այլև անկենդան աշխարհի տարրերի մեջ: Ծովերն ու գետերը ավելորդ ու աղտեղի իրերը իրենցից հեռացնում են և ալիքներով ափ գցում: Նույնպես և կերակուրները եփվելիս ավելորդը բաժանում են իրենցից: Նաև մեր տներից ավելորդը ավլում ենք, փոշին թափում և անոթները լվանում»: Նույնպես և սրբերի օրինակներով մեր հոգիները պետք է մաքրենք մեղքերից որպեսզի արժանի լինենք Աստծուն:

Ֆրանսիացի մեծ գրող Անատոլ Ֆրանսը հետաքրքրական և արժեքավոր գեղավերստական ստեղծագործությունների հեղինակ է։ Սակայն հավանաբար շատ քչերը գիտեն նրա մանկության ժամանակաշրջանի մի հետաքրքիր դեպքի մասին։

Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է  60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում։ Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց։

Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ։ Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել։ Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ լինի իր խոհանոցի մեջ…»։

Յուրաքանչյուրը միայն իր կյանքի հարմարավետ պայմաններ չպետք է որոնի, չպետք է սահմանափակվի միայն իր «խոհանոցով», այլ նախ և առաջ պետք է փնտրի երկնային արժեքներ ու կգտնի նաև երկրային բարիքներ։