ՍՐԲՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԲՆԱԿԱՆԻ ԸՆԿԱԼՈՒՄ

Քրիստոնեական սրբություններին պետք է վերաբերվել այնպես, ինչպես  Սուրբ Հեղինե կայսրուհին: Նա հավատաց, որ Քրիստոսի Խաչափայտը զորություն ունի, և իմանալու համար, թե որն է Գողգոթայում իր կողմից կազմակերպված պեղումների ընթացքում հայտնաբերված երեք խաչերից` Քրիստոսի և երկու ավազակների խաչերից տերունական խաչը, իր հետ եղող մյուս հավատացյալների հետ հերթով խաչերին մոտեցրին մի մեռած պատանու, և երբ դիակը դիպավ Քրիստոսի խաչին, պատանին կենդանացավ:

Չպետք է կարծել, որ քրիստոնեական սրբությունները` սուրբ առարկաները, մասունքները, միայն նյութ են, այլ պետք է հավատալ, որ նյութի մեջ առկա է աստվածապարգև օրհնաբեր զորություն: Այս հարցում հաճախ չի կարելի վստահել սեփական տրամաբանությանն ու զգացողություններին, քանզի անսահմանափակ չէ մեր միտքը, և մեր զգացողությունները հաճախ են լինում պատրանքի և անստուգության մեջ:

Օրինակ` ձայնի հնչելիությունը ունի սահման, որից այն կողմ մարդու լսելիքը չի ընկալում ձայնը, որը լսելի է կենդանիների համար: Գույները մարդկանց աչքերին երևում են բոլորովին այլ երանգներով, և նույն գույներն ամբողջովին այլ կերպ են տեսնում միջատներն ու մեղուները: Պատրանքի տեսակ կարելի է համարել գեղանկարչությունը, հեռուստացույցը, երբ հարթ տարածության վրա երևում են խորություն և բարձրություն:

Այսօր հոգևոր զգացողության բթություն է նկատվում մարդկանց մեջ: Դրա համար էլ բազում մարդիկ ավելի շատ հավատում են չար աչքին, փողոցով անցնող սև կատվի բերած անհաջողությանը, փոխանակ հավատալու, որ Աստված  Իր նախախնամությամբ պահպանում է մարդկանց:

Շատեր հավատում են, որ իրենց նախնիները առաջացել են կապիկից, փոխանակ հավատալու, որ Աստված է ստեղծել մարդուն Իր պատկերով ու նմանությամբ: Շատեր հավատում են այլմոլորակայինների գոյությանը, դրանց վերաբերող ֆանտաստիկ պատմությունների, բայց դժվարանում են հավատալ, որ Քրիստոս Աստված մարդացավ, մարմնացավ և ծնվեց Սուրբ Կույսից:

Շատ գիտնականներ աշխատություններ են գրում այն մասին, որ տիեզերքը առաջացել է հանկարծակի, մի պայթյունից, իսկ մարդկությունը` մանրէներից, փոխանակ հավատալու, որ եթե իրենց այդպիսի աշխատությունների համար ուղեղ է պետք, ապա ուրեմն որքան առավել ևս գերբնական բանականություն էր պետք ամբողջ տիեզերքը արարելու համար: