ՍՐԲԱՑՈՒՄ ԵՎ ՍՐԲԵՐ

Ճիշտ կլինի ասել, որ Եկեղեցին սուրբ չի հռչակում, այլ արձանագրում, հաստատում կամ հայտարարում է այս կամ այն անձի սրբությունը, որովհետև Եկեղեցու հռչակելուց կամ չհռչակելուց սրբի տեղը երկնքում չի փոխվում: Բուդդայականությունն ուսուցանում է, որ սրբությունը հրաժարում է ցանկություններից և անցում դեպի ոչինչ: Սակայն հնարավոր չէ ազատվել բոլոր ցանկություններից, որովհետև ի վերջո բոլոր ցանկություններից հրաժարվելու համար էլ դրա ցանկությունն է պետք:

Իրականում սրբության հասնելու համար պետք է հրաժարվել ոչ թե ցանկություններից, այլ վատ մտադրություններից, որովհետև վատ մդադրությամբ նույնիսկ լավ արարքը կարող է մեղք դառնալ, ինչպես օրինակ, ողորմությունը կարող է վերածվել ցուցամոլության, խոնարհությունը` քծնողության ու երեսպաշտության, համարձակությունը` հանդգնության, գիտությունը` հպարտության և այլն:

Եկեղեցին բոլոր ժամանակներում էլ ունեցել է սրբեր և այժմ էլ մեր Եկեղեցում սրբեր կան, որոնց մասին չգիտենք: Շատերն են երևում իբրև Եկեղեցու համար գործող, ուսուցանող, լավ քարոզիչ և այլն: Սակայն կան մարդիկ, ովքեր համեստ, պարզ քրիստոնյայի ճշմարիտ կյանքով են ապրում, և դրանում է նրանց մեծ սրբությունը, ինչպես հայտնի է դառնում նաև Մակար անապատականի կյանքի մի դրվագից:

Մի անգամ Սուրբ Մակարին Աստված ասաց, որ այսքան տարի ճգնում է, բայց դեռ չի հասել ցանկալի սրբության, և ճգնավորին պատվիրեց գնալ մի արհեստավորի մոտ` նրանից դաս սովորելու: Արհեստավորը մեծապես զարմացավ Սուրբ Մակարի պատմածից` հայտնելով, որ առանձնակի ոչինչ չի անում, աշխատում է, ընտանիք պահում, և ինքն ու իր կինը երբեք միմյանց չեն վիրավորել վատ բառերով:

Վատ խոսքերից հեռու մնալը նշանակում է մաքուր պահել միտքն ու սիրտը, քանզի վատ բառերը մտքից ու սրտից են գալիս, ինչպես Ավետարանում է ասվում, թե` սրտի ավելցուկից է խոսում բերանը (Ղուկ. 6.45): Այսօր էլ շատեր երևում են, և բազումներ չեն երևում, ինչպես ծովն ու նրա գանձերը:

Հայտնիները նման են ծովի գեղեցիկ ալիքների ու մակերևույթի, բայց ծովի հատակին այնքա՜ն թանկարժեք մարգարիտներ կան, որ չեն երևում: Այդ անձինք, Աստծո կողմից սրբության պատվին արժանանալով, համալրում են շարքը այն սրբերի, որոնց տոնը մեր Սուրբ Եկեղեցում տոնվում է Հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի տոն անունով: