ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Աստվածաշնչում տարբերակում է կատարվում իրավացի և անիրավ սպանությունների միջև: Հին Կտակարանում մարդասպանության համար խստագույն պատժի սահմանումով հանդերձ տրված են նաև սպանության թույլատվություններ` ինքնապաշտպանության նպատակով (նույնիսկ նշվում է, որ ինքնապաշտպանության համար կատարված մարդասպանությունը սպանություն չի համարվում (Ելք 22.2)), որպես հանցագործի մահապատիժ (Ելք 19.12, 21.16, 22.20, 35.2, Ղևտ. 20.2, 20.9-16, 21.9, 24.16, Բ Օր. 13.6-10, 17.12, 21.20-21), պատերազմի ընթացքում (Բ Օր. 7.2, Բ Թագ. 23.8, 18):

Աստվածաշնչում իրավացի սպանություն կատարողը նույնիսկ աստվածային օրհնության է արժանանում (Ելք 32.29, Թվ. 25.6-13, Ա Մակ. 2.54), հերոսանում է Գողիաթին սպանած Դավիթը (Ա Թագ. 17.43-54, Սաղմ. 143), եկեղեցական հեղինակներն անգամ այս պատմությունը խորհրդանշանն են համարում սատանայի դեմ Քրիստոսի հաղթանակի: Նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ Հին Կտակարանում հաստատված է չարագործներին սպանելու պատվերը, իսկ «մի՛ սպանիր» պատվիրանը նշանակում է, որ անիրավության և բարկության դատաստանով չպետք է սպանել, այլ` իրավամբ և դատաստանով։

Նոր Կտակարանը համաձայն է Հին Կտակարանի` իրավամբ սպանության դիրքորոշման հետ. Քրիստոսի կողմից հավատքի համար մեծագույն գովեստի է արժանանում հարյուրապետը (Մատթ. 8.5, Ղուկ. 7.9), Հովհաննես Մկրտիչը զինվորներին չի պատվիրում զենքը թողնել և սպանություններ ենթադրող բանակային ծառայությունից հեռանալ, այլ` բավարարվել ստացված ռոճիկով (Ղուկ. 3.14), հեթանոսներից առաջինը Սուրբ Հոգու շնորհներին արժանանում է զինվորականը՝ Կոռնելիոս հարյուրապետը, ում Նոր Կտակարանը գովում է իր բարեպաշտության, աղոթասիրության, արդարության ու աստվածավախության համար, և ում Աստված արժանացնում է Իր հատուկ հայտնությանն ու տեսիլքին (Գործք 10.1-8, 22, 44-45): Այս դիրքորոշման վրա են նաև հիմնված Եկեղեցու կողմից` հավատավոր զինվորների ու զորավարների սրբացումները:

Աստվածաշնչի հայտնութենական ամբողջականությունը, այնուամենայնիվ, այս իմաստով վարմունքի ու գիտակցության բարձրագույն դրսևորում է համարում որևէ մարդկային էակի կյանքից չզրկելը: Քրիստոնյաների հալածանքների շրջանում քրիստոսանմանության և նահատակության գաղափարը բացառեց այս ճանապարհով ընթացողների կողմից իրավամբ սպանության իրագործումը:

Եկեղեցական կանոնների համաձայն` պատերազմում մարդասպանություն կատարած զինվորները թեև չեն մեղադրվում սպանության մեղքի մեջ, սակայն երեք տարի ժամանակ է սահմանվում ինքնամաքրման և Սուրբ Հաղորդությանը մոտենալու համար: Մարդասպանություն, անգամ պատահաբար, գործած անձը, ըստ եկեղեցական կանոնների, չի կարող քահանայանալ, իսկ քահանայացածը հեռացվում է հոգևոր ծառայությունից («Կանոնագիրք Հայոց», (Կանոնք Աթանասի, կանոններ ԼԲ, ԽԴ, ՀԱ, ՀԲ, ՀԳ), հատոր Ա, աշխատասիրությամբ` Վազգեն Հակոբյանի, Հայկակական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1964, էջ, էջ 303, 308, 319-321):