ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Սուրբ Կույսը դեռևս մանուկ հասակից ապրում էր Աստծո տաճարում և իր օրերն անց էր կացնում սրբությամբ ու աղոթքներով։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ Աստծո տաճարին ընծայված այս մանուկը հետագայում պետք է լիներ ողջ տիեզերքը ստեղծող Աստծո մայրը։

Հավանաբար շատերի համար զարմանալի կլինի այն փաստը, որ մուսուլմանական կրոնի մեջ ևս ընդգրկված է Սուրբ Մարիամը, և ընդհանրապես մուսուլմանների համար Հիսուսի մայր Մարիամը հանդիսանում է ամենակատարյալ կնոջ կերպարը, որից բոլոր կանայք պետք է օրինակ վերցնեն։

Աստվածածինը ծնվեց իր ծնողների երկար տարիների աղոթքով, այսինքն` նա եղավ Աստծո պատասխանը այն ջերմեռանդ աղոթքի, որ երկինք էին բարձրացնում երկար ժամանակ զավակ չունեցող նրա ծնողները։ Եվ հիանալիորեն Աստվածածինն ինքն է այժմ բարեխոսում Աստծո առաջ մեր աղոթքների և մեր մեծ ցանկությունների իրականացման համար։

Մեզ բոլորիս համար կարծես թե մի նվիրական և ջերմ սրբություն է Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Շատերս ենք հաճախ կանգ առել կամ ծնկի եկել գեղեցիկ մանկանը իր մայրական գրկում պարուրած այդ հեզ և խոնարհ կնոջ սրբապատկերի առջև և հույսով ու ջերմությամբ լի աղոթքներ շշնջացել։

Մոր ու մանկան այդ գեղեցիկ պատկերը չի կարող անտարբեր թողնել հավատավոր մարդուն։ Եվ քանի որ հավատացյալները խոնարհվում են այդ նկարի առջև և Սուրբ Մարիամին նաև իրենց գորովագութ մայրը համարում, ապա կարելի ասել, որ այդ սրբապատկերների մեջ մանուկը ձեռք է բերում նաև մեկ այլ իմաստ` խորհրդանշելով ողջ մարդկությանը, որին Սուրբ Աստվածածինն իր գիրկն առած խնամում է սիրող մոր պես։