ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սուրբ Գրքի մեր Թարգմանիչները մեծ ծառայություններ մատուցեցին մեր ժողովրդին, բայց նրանց մատուցած ծառայություններից մեծագույնը երկուսն են. նրանք լուսավորեցին հայ ժողովրդի խիղճը և բացեցին նրա հոգևոր աչքերը:

Լուսավորյալ խիղճը հուշում է բարի և առաքինի ապրելու սկզբունքները, բայց մեղքերի մեջ հարատևողները կորցնում են այդ հատկությունը: Փիլիսոփաների միջև վեճ է եղել այն հարցի շուրջ, թե արդյոք ո՞ր արարքներն են ավելի արժեքավոր, բանականությունի՞ց, թե՞ խղճից բխողները:

Մեկն ասում էր, թե առավել արժեքավոր են բանականության արարքները, իսկ մյուսը պնդում էր, որ խղճից դրդված արարքներն ավելի գնահատելի են, որովհետև բանականությամբ մարդը կարող է լավ մտածված կերպով վրեժ լուծել, բայց եթե նա իր խղճից դրդված ետ է դառնում չար արարքից, ապա դա առավել արժեքավոր է:

Նաև բանականությամբ ոչ զարգացած` քիչ գիտելիքներ ունեցող մարդկանց մոտ հաճախ անսահման բարություն է լինում: Եվ մեր Թարգմանիչները Սուրբ Գրքի լույսով լուսավորեցին մեր ժողովրդի խիղճը, որով մեր ազգի գործերը դարձան առավել արժեքավոր:

Սուրբ Գրքի քարոզչությամբ Թարգմանիչները բացեցին նաև մեր ժողովրդի հոգևոր աչքերը: Աստվածաշնչում գրված է, որ երբ առաջին մարդիկ մեղք գործեցին, բացվեցին նրանց աչքերը, և նրանք հասկացան, որ մերկ են (Ծննդ. 3.6-7): Եկեղեցական մեծանուն հեղինակներից Որոգինեսն ասում է, որ մեղքից հետո բացվեցին առաջին մարդկանց մարմնական աչքերը, և փակվեցին հոգևոր աչքերը:

Իսկ Թարգմանիչները, Սուրբ Գրքի հրաշալի և ամբողջական գանձերը մատուցելով, Աստվածաշնչի խրատներով սովորեցրին նորադարձ հայ ժողովրդին մաքրել սրտերը հեթանոսական մեղքերից և հոգու աչքերով տեսնել ճանապարհը ճշմարիտ աստվածպաշտության, ըստ այն խոսքի, թե` երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8):