ՍՈՒՐԲ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Մեր Եկեղեցու տոնացույցում ընդգրկված են սրբերի տոներ, ովքեր զինվորական են եղել: Սա ցույց է տալիս Եկեղեցու դիրքորոշումը զինվորականության և հայրենիքի պաշտպանության նվիրական գործի հանդեպ: Աղանդներից հատկապես Եհովայի վկաներն ուսուցանում են, թե անթույլատրելի է զինվոր լինելը, զենք վերցնելը անգամ հայրենիքի պաշտպանության համար: Սակայն Նոր Կտակարանում հստակորեն նշված է բանակի կամ զորքի անհրաժեշտությունը, իհարկե, հայրենիքի, մարդկանց, սրբազան արժեքների պաշտպանության նպատակով:

Երբ զինվորները Հովհաննես Մկրտչին հարցրեցին, թե իրենք ինչ պետք է անեն, Հովհաննեսը սխալ չհամարեց նրանց զինվորական ծառայությունը, այլ ասաց. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ.3:14): Պողոս առաքյալն իր անշահախնդիր գործունեության մասին խոսելիս համեմատություն է անում զինվորի ծառայության հետ` ասելով. «Ո՞վ զինվորություն կանի իր ծախսով» (Ա. Կորնթ. 9.7)։ Պողոս Առաքյալը  նաև հավատքի  մասին խոսելով` ասում է, որ  հավատքով էին Սամսոնը, Դավիթը,  Սամուելը (նաև  Գեդեոնը,  Բարակը, Հեփթայեն) անպարտելի  դառնում պատերազմում  և հաղթում  օտարների բանակներին (Եբր. 11. 32-35):

Եկեղեցական Սուրբ Հայրերը նաև զինվորի ծառայության գովելի օրինակն են գործածել հավատքի հետ առնչված իրողություններ բացատրելու և նույնիսկ սուրբգրական մեկնությունների համար: Օրինակ` Հովհան Ոսկեբերանն այսպես է բացատրում Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղված թղթի հետևյալ նախադասությունը.«Այսուհետև ոչ ոք թող ինձ նեղություն չտա, որովհետև ես իմ մեջ եմ կրում  Քրիստոսի չարչարանքները» (6:17): Ոմանք մեղադրում էին Պողոս առաքյալին հավատքի այլակերպ ընկալման համար: Հովհան Ոսկեբերանը, առաքյալի նշյալ խոսքի արտահայտած մտքի վերաբերյալ ասում է, որ եթե  շարքից  դուրս եկած և ետ մնացած զինվորին  տեսնեին անհամար, արյունոտ վերքերով, մի՞թե նրան կմեղադրեին  վախկոտության ու դավաճանության մեջ: Իրականում այդ զինվորն իր մարմնի մեջ է տանում իր քաջության ապացույցը: Ըստ Ոսկեբերանի` Պողոս առաքյալն ասում է, որ այդպես պետք է դատել նաև իր մասին, որովհետև իր վերքերը  բառերից էլ ուժեղ և իր նամակից էլ ավելի  ընդարձակ ապացույց են, և Քրիստոսի հավատքի համար ստացած իր մարմնի վերքերն ու սպիները բավարար են` ապացուցելու իր հավատարմությունը Քրիստոսին:

Եկեղեցում տոնական հիշատակություն ունեցող սուրբ զորականներից են Ղունկիանոսը, ով Քրիստոսի խաչի մոտ դարձի եկավ և հավատաց Նրան (Մատթ. 27.54, Մարկ. 15.39, Ղուկ. 23. 47), Եփեսոսի քառասուն զինվորները, սուրբ Սարգիսը, Սուրբ Գևորգը, Պարսկաստանում նահատակված հայ զորախումբը` սուրբ Ատոմյանները, Սուրբ Վարդանանք: Ավետարանում գովեստով է խոսվում հարյուրապետի մասին, ով խնդրեց Քրիստոսին աստվածային զորությամբ խոսքով բուժել իր ծառային` ասելով. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես» (Մատթ. 8.8, Ղուկ. 7.6): Եվ Քրիստոս ոչ թե մեկ այլ մասնագիտություն անեցող անձի, այլ հենց այս մարդու` զինվորականի մասին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա» (Մատթ. 8.10, Ղուկ. 7.9):

Աղանդները, որոնք Սուրբ Գրքի բազում խոսքեր ծուռ են մեկնում իրենց սխալ ուսուցումներին համապատասխանեցնելու համար, ասում են, թե Քրիստոս գովեց հարյուրապետին այն ժամանակ, երբ նա արդեն դադարել էր զինվորական գործ անելուց: Բայց հարյուրապետն ինքն է վկայում, որ զինվորական ծառայության մեջ է, ասելով. «Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ` գնա՛, և գնում է, և մի ուրիշին, թե` ե՛կ, և գալիս է» (Մատթ. 8.9, Ղուկ. 7.8)։

Քրիստոսահիմն Սուրբ Եկեղեցին սրբացրել է մեծ հավատքով ապրած զինվորներին ու զորականներին: Եվ մեր եկեղեցիներում ամեն տարի նշում ենք նրանց հիշատակը` որպես օրինակ և խանդավառություն այսօրվա մեր զինվորների համար, ովքեր պետք է նաև հավատքով զորանան` պաշտպանելու մեր սրբազան արժեքները, մեր հայրենիքն ու ժողովրդին: