ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քրիստոնեությունից դուրս զանազան պատկերացումներ կան Աստծո մասին. ի՞նչ տարբերություններ կան Աստծո քրիստոնեական ըմբռնողության և դրանից դուրս գտնվողների միջև:

Աշխարհում առկա բազմաթիվ կրոնների վերաբերյալ պետք է իմանալ, որ դրանք նույն Աստծուն չեն ներկայացնում տարբեր անուններով, ինչպես ոմանք սխալմամբ թյուր տեսակետ են արտահայտում: Այդ տարբեր աստվածները տարբեր հասկացություններից են գալիս և բոլորովին անհամապատասխան են Աստծո մասին քրիստոնեական ընկալմանը, աստվածաշնչյան հայտնության ճշմարտություններին:

Տարբեր կրոններում տարածված ընկալումներն «աստված» հասկացության մասին նույնիսկ հակառակ են քրիստոնեական աստվածհայեցողությանը: Քրիստոնեությունն ուսուցանում է Ամենակարող, Բարի, Ամենողորմ, Մարդասեր Աստծո մասին, որը սեր է, հոգի է, անձ է` միաստվածություն բարդ մեկությամբ, Սուրբ Երրորդություն է` կրակի կամ արևի լույսի և ջերմության միաժամանակյա գոյությամբ և միավորությամբ մեկ լինելու օրինակով:

Քրիստոնեությունից հետո և քրիստոնեության հիմքի վրա առաջացած մուսուլմանությունն ուսուցանում է մեկ Աստծո` Ալլահի մասին, որն ամենազոր է, անսահման, ամենուր, սակայն մերժում է քրիստոնեության հիմնական հավատալիքը Սուրբ Երրորդության, որով և` Քրիստոսի աստվածությունը, Նոր Կտակարանում Քրիստոս Աստծո կերպարը:

Հինդուիզմում բարձրագույն էակը Բրահմանն է, ով դրսևորվում է բազմաթիվ աստվածների և աստվածուհիների միջոցով: Ջայնիզմն ուսուցանում է բազմաթիվ աստվածների գոյության մասին: Ճապոնական հնագույն կրոն սինտոիզմն ընդունում է բազմաստվածությունը, հին աստվածների կամ ոգիների գոյությունը: Բուդդայականությունն «աստված» հասկացությունը բացատրող հատուկ վարդապետություն չունի:

Ինչպիսի՞ն է Աստծո քրիստոնեական ընկալման բացառիկությունը: Դա արտահայտվո՞ւմ է «Երրորդության» գաղափարով:

Ըստ քրիստոնեական վարդապետության` Աստծուն չի կարելի պատկերացնել որպես պարզ մեկություն, այլ Աստված բարդ մեկություն է: Աստված պարզունակ չէ: Քրիստոնեական աստվածաբանությունը սովորեցնում է մի Աստվածության երեք Անձերի` Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, որոնք ունեն մեկ և նույն բնությունը, համագո են, միավորյալ մեկ աստվածություն լինելով՝ տարբերվում են նրանով, որ Հայրը պատճառն է Որդու ծննդյան և Սուրբ Հոգու բխման: Այդ պարագան, սակայն, ստորակայության կամ ժամանակայնության հատկություն չի ենթադրում:

Պատարագամատույցում քրիստոնեական հավատքի հանգանակի արտասանությունից հետո նզովք է ասվում նրանց, ովքեր ժամանակային տարբերություն, անհավասարություն և կամ ստեղծված, փոփոխելի լինելու տեսակետ կարտահայտեն Աստվածության վերաբերյալ:

Եկեղեցական Հայրերը Սուրբ Երրորդության գաղափարը որոշ չափով հասկանալի դարձնելու համար բերել են կրակի օրինակը, որը լույսի և ջերմության հետ է լինում: Լույսն ու ջերմությունը չեն լինում կրակից առաջ կամ հետո, այլ միաժամանակ, և կրակն էլ, ըստ իր բնության, առանց լույսի և ջերմության չի կարող գոյություն ունենալ: Այսպես Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մի Աստվածություն են: Աստված հոգի է (Հովհ. 4.24), հավիտենական է (Սաղմ. 89.2, Ես. 40.28, Հռ. 14.25), ամենուր է (Սաղմ. 138.7-12, Գործք 17.27), բարի է (Սաղմ. 24.7, Մարկ. 10.17, Ղուկ. 18.19):