ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԲԺՇԿՈՂ ԱՂՈԹՔՆԵՐԸ

Ինչո՞վ են Նարեկացու աղոթքներն առանձնահատուկ բժշկվելու համար:

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» երրորդ մասում` Բան Գ, նշում է իր «Մատյանի» նպատակը: Նա խնդրում է Աստծուն, որ իր աղոթքների ընթերցանությունը կարդացողներին պարգևի հոգու բժշկություն, ազատում մեղքի կապանքից, զղջման կամք, կյանքի հույս ու փրկություն, ապաքինում, խաղաղություն, և այս աղոթամատյանը լինի կենաց դեղ` մարմնի և հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար (Մատյան ողբերգության, Բան Գ):

Այստեղ Նարեկացին հայտնում է, որ իր ստեղծագործությունն արտահայտությունն է ամբողջ մարդկության հոգու ձգտումների, որոնց միախառնում է նաև իր անձնական ապրումներն ու աղոթքները և խնդրում, որ դրանք հրաշագործեն մարդու հոգևոր ներաշխարհում:

Մկրտության ժամանակ մարդուն տրվում են աստվածային շնորհներ: Այդ շնորհների ներազդեցությունը կախված է մարդկային կամքից, մարդու ցանկանալուց: Նարեկացու «Մատյան ողբերգության» ընթերցանությունը մարդու մեջ արթնացնում է հոգևոր խորը ապրումներ ու զգացումներ, դառնում խոսքային արտահայտությունն այն հույզերի, առ Աստված ձգտումի, որ առկա են անձի ներաշխարհում, սակայն նրա կողմից արտահայտվելու ձևը չէին գտնում:

«Մատյանի» ընթերցանությունը մարդուն բերում է աղոթական վիճակի և կամքի այնպիսի գործունեության, որով աստվածային շնորհը ներգործում է և հոգևոր խաղաղություն, ներդաշնակություն, բարիք, բժշկություն պարգևում:

 

image168Նարեկաբուժությունն արդեն կիրառվո՞ւմ է հոգեթերապիայի մեջ, թե՞ միայն մասնավոր դեպքերում:

«Թերապիա – θεραπεία» հունարեն բառը նշանակում է բժշկություն, իսկ «հոգեթերապիա» նշանակում է մարդկային ներաշխարհի խաթարված վիճակի բուժում: Հոգեթերապիան վերաբերում է հոգեբանությանը, որով հոգեբանները գործողություն են իրականացնում մարդու մտավոր, զգացական վիճակի բարելավման:

Նարեկաբուժությունը կիրառվում է հոգեթերապիայի ասպարեզում հայտնի բիբլիոթերապիայի ուղղվածության մեջ: «Բիբլիոթերապիա» բառը թարգմանվում է գրքաբուժություն` հունարեն «βιβλίο – բիբլիո – գիրք»` և «θεραπεία – թերապիա -բժշկություն» բառերից: Ուրեմն, նարեկաբուժությունը բիբլիոթերապիայի կիրառում է:

Բիբլիոթերապիայի մեջ որևէ գրական ստեղծագործության ընթերցանություն է հանձնարարվում հոգեբան-հոգեթերապևտի կողմից, ըստ նպատակահարմարության, առաջարկվում է տվյալ անձին վերլուծել ստեղծագործության հերոսի կամ հերոսներից մեկի կերպարը, ուշադրություն դարձնել արտահայտված որոշակի մտքերի, վերլուծել նկարագրված իրավիճակներ, ինչը նպաստավոր է դիտվում մարդու հոգեբանական և կամ դրանից առաջացած ֆիզիկական խնդիրները լուծելու համար:

Այսպիսով, նարեկաբուժությունը կիրառվում է բիբլիոթերապիայի շրջանակներում և տարբերվում է բուժման նպատակով Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքը պարունակող եկեղեցական կարգի կատարումից, որն Աստծուն ուղղված խնդրանքով, հիվանդի կամքի գործակցությամբ աստվածային շնորհի ներգործությունն է մարդու մարմնավոր և հոգևոր առողջության համար: