ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ

Մարգարեանալը միշտ եղել է բոլոր կրոնական շարժումների հիմքում։ Հայտնի է, որ Հին Կտակարանում Մովսեսը վճռական պահերին հարցնում էր Աստծուն և իմանալով Տիրոջ կամքը` հնազանդվում էր ու դրանով առաջնորդում ժողովրդին։

Շատ աղանդներ իրենց նմանեցնում են աստվածաշնչյան այս կամ այն պատմությանը։ Օրինակ` մորմոնական աղանդի պատմությունն իր հայտնություններով նմանեցված է հինկտակարանյան Իսրայելի պատմությանը, այն տարբերությամբ, որ այստեղ Թագավորն ու Մարգարեն` Մորմոնական աղանդի Առաջին Նախագահն է։

Աղանդների հետևորդները պետք է իմանան, որ նաև սուտ մարգարեներ կան, որոնք մոլորություն են տարածում։ Հովհաննու Հայտնության մեջ ասվում է. «Տեսա, որ սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ» (16.13), մեկ այլ համարում ևս ասվում է. «Եվ բռնվեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց» (19.20)։

Աստվածաշունչն ասում է, որ այդ սուտ մարգարեներին ներշնչողը սատանան է, որն ի վերջո պիտի պատժվի. «Եվ երկնքից, Աստծու մոտից կրակ պիտի իջնի , ասվում է Աստվածաշնչում, ու պիտի լափի նրանց և նրանց զորագլխին` սատանային, որը մոլորեցրեց նրանց» (Հայտնութ. 20.9-10)։

Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանք  ծագել են մարգարեական հողի վրա, բայց իրականում այդ մարգարեությունները երբեք չեն կատարվել։  Մինչդեռ Աստվածաշնչի բոլոր մարգարեությունները կատարվել են և կատարվելու են։ Սակայն, օրինակ, մորմոնական «Վարդապետություն և Ուխտեր» գրքում  առկա մարգարեություններից ոչ մեկը մինչև այսօր էլ չի իրականացել։

Նույնն է նաև ադվենտիստների մոտ Քրիստոսի Երկրորդ գալստյան գուշակությունները, Եհովայի վկաների մոտ Արմագեդոնի` աշխարհի վախճանի զանազան տարեթվերի գուշակությունները և այլն։

Մոլորյալ, միամիտ շարքային աղանդավորները, չգիտես ինչու, մատների արանքով են նայում իրենց հրամցված տարբեր մարգարեությունների չիրականացված լինելու հանգամանքին, մինչդեռ ըստ Հին Կտակարանի, եթե չի կատարվում մարգարեի ասածը, նրան քարկոծում են, որպեսզի չմոլորեցնի ժողովրդին (Բ Օր. 13.5-10), նաև Աստված ուսուցանում է, որ սուտ մարգարեի մարգարեության չիրականանալը անմիջական վկայություն է նրա կեղծիքի, որի համար այդ մարգարեն պետք է մեռնի (Բ Օր. 18.20-22)։

Այսպիսին է մարգարեությունների ստուգման սկզբունքը, որը հմտորեն շրջանցվում է կամ էլ այլաբանորեն մեկնաբանվում աղանդների ղեկավարության կողմից։ Այս իմաստով, ինչպես նշում է աղանդների ուսումնասիրմամբ զբաղված, մեր Եկեղեցու հոգևորականներից Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանը իր «Ժամանակակից աղանդները Հայաստանում» գրքում,  որոշ աղանդների առաջնորդներ հայտնվել են շատ խղճալի վիճակում. նրանք այսօր ստիպված պիտի բացատրեն, թե ինչու չեն կատարվել իրենց նախորդների մարգարեությունները։