ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Փիլիմոնի նամակը Պողոս առաքյալի գրություններից ամենափոքր նամակն է, բայց տալիս է մարդկությանը հուզող ամենամեծ հարցերից մեկի` հասարակության մեջ սոցիալական անհավասարությանն առնչվող հարցի պատասխանը: Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ հռոմեական կայսրության սահմաններում քրիստոնեությունն արագորեն տարածվեց, որովհետև քրիստոնեությունն ուսուցանում էր, որ Աստծո առջև բոլոր մարդիկ հավասար են:

Կայսրության տարածքում սկսվել էին ստրուկների ապստամբությունները, որոնք դաժանությամբ ճնշվում էին, և տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվում էին մահապատժի: Բացի դրանից  իրենց վիճակից դժգոհ ցածր խավի բազմաթիվ մարդիկ կային: Եվ ահա այս պայմանները նպաստեցին, որպեսզի բոլոր մարդկանց հավասարության մասին հայտարարող քրիստոնեությունը լայնորեն ընդունելություն գտներ: Սակայն այս կարծիքը հիմնավոր չէ, որովհետև քրիստոնեությունն ընդունեցին նաև կայսերը մոտ կանգնած անձինք, ինչպես Պողոս առաքյալն է վկայում` «ովքեր կայսեր տնից են» (Փիլիպ. 4.21): Իսկ հետագայում էլ նաև կայսրերը քրիստոնյա դարձան:

Ավետարանի քարոզչությունը միտված չէր առաջին հերթին սոցիալական անհավասարությունը վերացնելուն: Պողոս առաքյալն ասում է. «Ծառանե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե մարդահաճո կերպով, ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ` երկյուղ կրելով Տիրոջից: Տերե՛ր, ծառաների հետ վարվեցե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ. իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում» (Կող. 3.22, 4.1): «Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով»,- ասում է Պետրոս առաքյալը (Ա Պետ. 2.18):

Ստրկության մեջ լինելը, դժվարություններին ու չարչարանքներին դիմանալը ինչ-որ իմաստով սխրանք էր համարվում, Քրիստոսին չարչարանակից լինելու վարմունք: Սակայն քրիստոնյա հասարակության մեջ ներքնապես վերացվում էր հին աշխարհին հատուկ տիրոջ և ստրուկի ախտավոր հոգեբանությունը, ինչպես որ առաքյալը պատվիրում էր ստրկատեր քրիստոնյա Փիլիմոնին քրիստոնյա դարձած իր ստրուկին ընդունել արդեն որպես հոգևոր եղբոր (Փիլ. 16): Եվ ստրկությունը, վերացվելով ներքնապես, վերանում էր նաև արտաքնապես, քանզի մարդկային բոլոր նման խնդիրներն իրենց լուծումը կարող են գտնել` սկսած մարդու ներաշխարհից:

Հեղափոխությունները, ընդհակառակը, ցանկացան սոցիալական հավասարությունն ուժով հաստատել: Նման հեղափոխությունների նշանաբանն էր` ազատություն, հավասարություն, եղբայրություն: Բայց ինչպես կարող ենք տեսնել Ֆրանսիական մեծ հեղափոխությունից` սկսված Բաստիլի բերդի գրավումով 1789 թվականին կամ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից, ազատության, հավասարության, եղբայրության բոլոր բարի նպատակները և նշանաբանները խեղդվեցին արյունահեղության ու դաժանության մեջ, և շահամոլներ եկան իշխանության` մարդկանց վստահությունն օգտագործելով իրենց սեփական նպատակների բավարարման համար:

Քրիստոնեության մոտեցումը տառացիորեն հասկացվող հավասարությունը չէր: Հասարակական կյանքում մենք բոլորս չենք կարող հավասար լինել. բոլորս չենք կարող տնօրեններ լինել առանց աշխատողների, մեզանից մեկը պետք է գործի կազմակերպողը լինի, իսկ մյուսները` կազմակերպված գործի համար աշխատողներ: Եվ եթե բոլորը արդար մարդիկ են, միմյանց համար դժգոհության առիթներ չեն ստեղծի:

Եթե քրիստոնեական սեր չկա, այսօրվա ամենաժողովրդավարական երկրում էլ կարող ենք փոխել ցուցանակները և դնել հին ցուցանակներ` հողատարածք ունեցողներին անվանելով ֆեոդալ կամ կալվածատեր, ձեռնարկություն ունեցողներին և նրանց աշխատողներին շահագործողներ և շահագործվողներ կամ ավելի ընդհանուր բառերով` տերեր և ծառաներ կամ տիրակալներ և ստրուկներ:

Ցավոք, աշխարհի շատ պաշտոնյաներ իրենց պաշտոնական աթոռներին իրենց զգում են իբրև տիրակալներ` մոռանալով կամ գուցե բոլորովին չիմանալով, որ պաշտոնյա նշանակում է ծառայող, սպասավոր, բայց ոչ թե հօգուտ իրեն, այլ հօգուտ ընդհանուրի: Ունևորը չունևորին օգնելու և չունևորը իր ստացածի դիմաց երախտագիտությամբ ծառայություն մատուցելու մղումը պետք է իրագործել քրիստոնեական սիրով: Միայն այս կերպ առանց խիստ դժգոհությունների և խռովությունների կարող է բարգավաճել որևէ երկրի հասարակական կյանքը, լուծվել սոցիալական անհավասարությունից ծնվող խնդիրները` հիմնված քրիստոնեական սիրո վրա: