ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Երբեմն սնահավատությունը կամ տարբեր նախապաշարմունքներն ավելի շատ ծնվում են վախից: Մարդիկ վախենում են չար աչքից, թուղթուգրից, շատ հավատացյալներ նախընտրում են համապատասխան միջոցներ ձեռնարկել` խուսափելու հնարավոր կամ թվացյալ վտանգից: Ո՞րն է իրական վտանգն այս պարագայում:

Վտանգն այն է, որ մի կրակից ելնում, ընկնում են մեկ այլ կրակի մեջ: Երբեմն մտածում են, թե իրենց կամ իրենց երեխաների վրա չարի ազդեցություն կա, և դրան դիմադրելու համար օգտագործում են սնոտիապաշտական առարկաներ, որով և իրենց հույսն ու հավատը դնում են այդ առարկայի և ոչ թե Աստծո վրա:

Սնոտիապաշտ մարդիկ մի առարկայի կամ իրողության վերագրում են գերմարդկային, գերբնական զորություն և իրենց պաշտպանված են զգում, երբ ունենում են այդպիսի առարկաներ: Սա նաև ինքնախաբեություն է, և այդպիսի առարկաներով սեփական ապահովությունն զգալը խոսում է այն մասին, որ մարդը նաև հոգեբանական խնդիրներ ունի: Այսպիսով, մարդն ակնհայտորեն մերժում է Աստծուն և իր համար հավատի առարկա գտնում:

Աստծուց հեռացումը, հատկապես այս ձևով, մարդուն չի ազատի չարից, այլ մարդը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, առվից ելնելով` ծովը կընկնի, այսինքն` Աստծուց ավելի մեծ հեռավորության վրա կհայտնվի` այդպես մոտենալով չարի ազդեցության ոլորտներին և մուտք գործելով դրանց մեջ: Պետք է հավատքն ամրապնդել՝ անձնական և հոգևորականի աղոթքով ազատվելով չարից, խնդրելով Աստծո պահպանությունն ու հովանին: Սա է չարից, թուղթուգրից, նման բաներից ազատվելու ճանապարհը:

Սնոտիապաշտության առկայությունը մարդու մոտ հոգեբանության տեսանկյունից խոսում է նաև այդ անձի հոգեբանական շեղումի մասին, նրա մոտ պարանոիզմի կամ փսիխոզի առկայության մասին: Պարանոիկներն այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե իրենց անընդհատ հետևում են, հետապնդում և փորձում են միջոցներ ձեռք առնել այդ հետապնդումներից ազատվելու համար:

Իսկ փսիխոզի մեջ եղողներն իրական աշխարհի ընկալում չունեն. նրանց մոտ նկատվում է ճիշտ մտածելակերպի խանգարում: Պետք է գիտակցական մոտենալ կյանքի խնդիրներին և ոչ թե տրվել սնոտիապաշտությանն ու դրանից ավելի վնասվել:

Սնահավատ սովորույթներն ավանդույթի տեսքով փոխանցվում են սերնդից սերունդ, հաճախ դրանք մասնագետների կողմից համարվում են ժողովրդական մշակույթի մի մասը և լայնորեն քարոզվում` որպես ազգային ինքնատիպության մասին վկայող երևույթ: Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել:

Ազգագրագետների այդպիսի գործելակերպը խորհրդային եկեղեցամարտ քաղաքականության մնացուկներից է: Խորհրդային շրջանում եկեղեցահալած քաղաքականությամբ փորձ էր արվում նսեմացնել Եկեղեցին: Եվ զարմանալի չէ, որ այդ շրջանի ազգագրագետներն իրենց գրվածքներով եկեղեցական տոները կապում էին սնոտիապաշտությունների հետ` ջնջելով և վերացնելով տոնի բուն իմաստը:

Եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական սովորույթներ ու բացատրություններ կան, որոնք կրոնական տեսակետով կարող են սխալ լինել: Այդ սովորույթներն առաջացել են եկեղեցական տոնի ժողովրդական տոնախմբություններից: Սակայն ազգագրագետները պատկերը շուռ են տալիս և եկեղեցական տոնը ներկայացնում իբրև թե առաջացած այդ սնահավատություններից կամ հիմնված սնոտիապաշտության վրա:

Այսպես կոչված ազգագրագետները կարծում են, թե իրենց առաքելությունը կայանում է ժողովրդի սխալ ընկալումները, սնոտիապաշտությունները հավաքելու և տարածելու մեջ: Որքա՜ն հակառակ են այդպիսի վայ-ազգագրագետներին այն գործիչները, ովքեր իրոք ժողովրդական արժեքներ, բանահյուսական, երգ-երաժշտության, ժողովրդական ստեղծագործությունների հավաքագրումն են իրականացրել և իրականացնում:

Դա է իրական առաքելությունը ազգագրագետի՝ զատել ժողովրդի կեղծ և իրական արժեքները, արժեքավորը վեր հանել, պահպանել ու ազդարարել այդ մասին: Հակառակ դեպքում ազգագրագետ կոչվածները վերածվում են սնոտիապաշտության մունետիկների:

Այսպիսի սնոտիապաշտություններին, կեղծ հավատալիքներին դեմ էին դեռևս հին աշխարհի առաջադեմ մտածողները: Փիլիսոփա Սոկրատը չէր ընդունում տարբեր հեթանոսական աստվածների և դրանց շուրջը հյուսված հավատալիքները, նաև Պլատոնը դեմ է հանդես գալիս Հոմերոսի ստեղծագործություններին, Հեսիոդոսի «Թեոգոնիա» (Աստվածների ծագումնաբանությունը) աշխատությանը, որոնց մեջ առկա է ժողովրդական սնոտիապաշտական հավատալիքների նկարագրությունը, քանի որ, ինչպես ասում է փիլիսոփան, դրանք խանգարում են ճիշտ կերպով դաստիարակելու պետության քաղաքացուն: