ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ

Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան:

 Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն են բերում: Սա ինչ-որ տեղ նման է կախարդությանը, երբ առարկաներին վերագրվում են զորություններ, որոնց այդպիսին լինելը զուրկ է տրամաբանությունից:

Կա նաև անհատական սնահավատություն, որ մարդն է սահմանում իր համար: Երազների մեկնության առնչությամբ Աստվածաշունչն ասում է. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից: Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը» (Սիրաք 31.23): Այսինքն` ունայն է երազներին հավատալը կամ դրանցով առաջնորդվելը:

Աստված առանձին մարդկանց կարող է երազի միջոցով հայտնություններ տալ, սակայն դրանք հազվադեպ են պատահում և իրենց առանձին մեկնությունն ունեն: Այդպիսի երազներ նշված են Աստվածաշնչում, և դրանց մեկնության համաձայն այդ երազներում տեսնված ամեն ինչ խորհրդանիշ է, որն իր համապատասխան բացատրությունն ունի:

Եկեղեցական հեղինակների համաձայն` երազներն ավելի շատ լինում են մարդու ապրումներից, առօրյա գործողությունների ու մտածմունքների հետ կապված: Այսինքն` երազը վերաբերում է ոչ թե ապագային, այլ անցյալին:

Այսպիսին է նաև հոգեբանության տեսակետը: Օրինակ` հայտնի հոգեվերլուծաբան Ֆրոյդը երազների մեկնության մասին իր աշխատության մեջ նույնպես անցյալին է վերագրում երազը և ասում է. «Ասա, թե ինչպիսի երազներ ես տեսնում, և ես կասեմ, թե ինչպիսի մարդ ես դու»:

Սնահավատությունը սխալ մտածելակե՞րպ է, թե՞ մարդու հոգևոր արժեքների խեղաթյուրում:

Սնահավատությունն ավելի շուտ սխալ մտածելակերպի հետևանք է, ժողովրդական սխալ մեկնաբանություն, թյուրըմբռնում, քան թե հոգևոր արժեքների միտումնավոր խեղաթյուրում: Սովորաբար ժողովրդական մեկնաբանությունը կարող է հետաքրքրական, ուշագրավ լինել, բայց ոչ` ճշգրիտ: Այսպես է նաև բառերի նշանակության մասին ժողովրդական մեկնաբանությունը, որոնք չեն համապատասխանում լեզվի քերականական կամ իմաստաբանական ըմբռնումներին:

Սնահավատությունը գալիս է Աստվածաշնչի, հոգևոր գրականության մասին անտեղյակությունից: Այսպիսի անտեղակությամբ է պայմանավորված նաև աղանդավոր դառնալը, երբ մարդիկ Սուրբ Գրքից հիմնովին տեղեկություններ չունենալով` հեշտ որս են դառնում հիմնականում արևմուտքից Հայաստան թափանցած, կասկածելի անձերի կողմից հիմնված աղանդների կողմից:

Տարբեր ոլորտներում մարդիկ վստահում են մասնագետներին և ինքնագործունեությամբ չեն զբաղվում, որովհետև գիտակցում են, որ նման ինքնագործունեությունը կարող է վատ հետևանքների հանգեցնել: Այսպես է բժշկության, շինարարության, կահույքագործության, ուսուցչության և այլ գիտությունների կամ արվեստների հանդեպ վերաբերմունքը:

Այդպես էլ առավել ևս կրոնի հարցում պետք է ավելի զգուշավորություն հանդես բերել, ոչ թե սեփական կամ այլոց մեկնաբանություններին հետևել, այլ լսել եկեղեցականներին և նրանց բացատրությունները հոգևոր կյանքի, հոգևոր իրողությունների մասին` հիմնված Աստվածաշնչի և Քրիստոսի ուսուցման վրա:

Կարդալ նաև`