ՍԻՐՈ ՏՈՆ

Փետրվարի 14-ին Տեառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսի` տաճարին ընծայման տոնն է։ Այս տոնը մեր ժողովրդի կողմից ամենասիրված կրոնական տոներից մեկն է, որն աչքի է ընկնում իր գեղեցիկ և յուրահատուկ արարողություններով։ Սակայն արդեն մի քանի տարիներ շարունակ մեկ այլ օտարամուտ տոն կարծես թե փորձում էր ստվեր գցել Աստծուն նվիրված տոնախմբության վրա։

Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է նույն փետրվարի 14-ին հիշատակվող Վալենտինի օրվան, որը հայտնի է նաև որպես սիրահարների օր։ Այդ օրը հեռուստատեսությունն ու ռադիոն երբեմն մեծ ոգևորությամբ գովազդում են «սուրբ Վալենտինի» տոնը, ինչպես նաև դրանց միջոցով սիրահար երիտասարդներն ու երիտասարդուհիները շնորհավորում են միմյանց սիրահարների ցնծալից տոնի առիթով։ Ցավոք, այդ բազում խոսքերի ու շնորհավորանքների մեջ երբեմն չի հիշատակվում Քրիստոսին` Աստծուն նվիրված տոնը։

Եվ սրա պատճառը ոչ այնքան օտարամուտ տոնն է, այլ այն ցավալի իրողությունը, որ հատկապես մեր որոշ երիտասարդների գիտակցության մեջ տեղի է ունեցել արժեհամակարգի խախտում։ Այն արժեքները, որոնք իրականում պետք է ամենից առաջնային լինեին, այսօր ոմանց համար գրավում են վերջին աննկատ տեղերը կամ էլ ընդհանրապես ջնջվել են և դուրս նետվել գիտակցությունից։ Մերօրյա նման երիտասարդների արժեհամակարգում առաջին տեղը գրավում է սեփական հաճույքը, մինչդեռ Աստծո մասին գաղափարը պատված է անտարբերության մշուշով։

Սրանում համոզվելու համար հարցրեք փողոցում հանդիպած ցանկացած երիտասարդի, թե երբ է վերջին անգամ Աստվածաշունչ կարդացել և երբ է վերջին անգամ դիտել արևմտյան աշխարհից եկած կրքահարույց ֆիլմերն ու երաժշտական տեսահոլովակները, և այս երկու հարցերի պատասխանների համեմատությունից կտեսնեք, թե ինչն է նրանց ավելի շատ հետաքրքրում և ինչպիսին է նրանց վերաբերմունքն աստվածայինի հանդեպ։

Ահա այսպիսին է մեր որոշ երիտասարդների մտածելակերպը։ Եթե փետրվարի 14-ին երիտասարդն իր ընկերուհուն կամ երիտասարդուհին իր ընկերոջը որևէ նվեր չտա, ապա դա ամոթ կլինի. ինչպե՞ս կարելի է սիրահարների տոնի օրը գեղեցիկ անակնկալ չմատուցել սիրեցյալին: Բայց եթե այդ օրը եկեղեցի չայցելեն կամ Աստծուն չհիշեն, ապա դա այնքան էլ ողբերգական բան չէ։ Մինչդեռ Աստված պատվիրել է, որ մարդիկ ամենից շատ Իրեն սիրեն (Մատթ. 10.37)։

Երկնային արժեքների հանդեպ երիտասարդության որոշ մասի մեջ տիրող անտարբերությունն է պատճառը, որ Սուրբ Սարգիսը շատ երիտասարդների հայտնի է միայն աղաբլիթով և ալյուրի վրա թողած ձիու պայտի նշանով, իսկ եկեղեցին` մոմ վառելով։ Քիչ թիվ չեն կազմում այն մարդիկ, ովքեր Աստծուն պատկերացնում են հեռու երկնքում նստած մի ծերունու կերպարանքով, որի հանդեպ պարտքը երբեմն որևէ խանութ գնալիս կամ քաղաք զբոսանքի ելած ժամանակ եկեղեցու կողքով անցնելու դեպքում  ներս մտնելը և մոմ վառելն է, որպեսզի նաև գործերը հաջող լինեն։ Մինչդեռ հռչակավոր անապատականներից Արսեն Մեծը հրաժարվեց իր խցի կողքով գնումների գնացող մի քանի վանականներին ընդունելուց, որովհետև նրանք չէին եկել առաջին հերթին հենց իրե՛ն այցելելու և հոգևոր խրատներ լսելու մտադրությամբ։

Մուսուլմանների մասին ասում են, որ նրանք իրենց սուրբ գիրքը բռնած ժամանակ միշտ պահում են կրծքավանդակի` սրտի բարձրության վրա` իբրև հարգանքի նշան։ Չենք կարող ասել, թե մեզ մոտ Սուրբ Գրքի հետ անփույթ վերաբերվելով` պատռում են այն, բայց գուցե մարդիկ անում են ավելի վատը։ Շատ տներում Աստվածաշունչը գտնվում է գրադարակի ցուցափեղկի ետևում ցուցադրության համար։ Այսպիսին է հաճախ նաև Աստծո հանդեպ վերաբերմունքը. սիրում ենք, որ այն ևս «փեղկի ետևում» լինի։

Մեր որոշ թերթերում կամ կայքերում ներկայացվում են Հայ Առաքելական Եկեղեցու տոները, որոնց կողքին երբեմն միևնույն ժամանակ ներկայացվում են աստղագուշական տեսություններ և լինում է` երեխաների (ինչու չէ, նաև քրիստոնյաների) աչքի համար անպատշաճ, անպարկեշտ նկարներ կամ վերնագրեր։

Հեթանոսաքրիստոնեական այսպիսի մի խառնուրդ է իրենից ներկայացնում նաև բազմաթիվ մարդկանց ներաշխարհը։ Նախ աղոթում են եկեղեցում և մոմ վառում իրենց ցանկությունների իրականացման համար, այնուհետև եկեղեցուց դուրս գալով` կայքերի և հեռուստաալիքների ընձեռած հնարավորությամբ զբաղվում են աստղագուշակությամբ, որն արգելված է Աստվածաշնչով Աստծո կողմից, քանզի ըստ Աստվածաշնչի` գուշակություն անող կամ դրան հետևող մարդը պիղծ է Աստծո առաջ (Բ Օրինաց 18.10-12, Եսայի 47.13-14)` իմանալու, թե արժե՞ այս շաբաթ որևէ գործ ձեռնարկել, թե՞ ոչ։

Եվ զարմանալի չէ, որ նման պայմաններում մարդկանց մի զգալի մասի կողմից ցնծությամբ ընդունվեց սիրահարների տոնը` Աստծո տոնը մոռացության մատնելու հաշվին։ Նաև որոշ ճարպիկ գործարարներ առիթը բաց չթողեցին՝ փող աշխատելու սրտիկների, բացիկների կամ նմանատիպ այլ հուշանվերների վաճառքից: Գուցե առարկություններ լինեն, որ սա ևս քրիստոնեական տոն է, որովհետև հիշատակվում է սուրբ Վալենտինը։ Բայց նախ` նա մեր Եկեղեցու կողմից տոնելի սրբերի կարգին չի դասված և չի հիշատակվում մեր Եկեղեցում, և երկրորդ` այդ տոնի կողմնակիցներից գրեթե ոչ ոք չգիտի, թե ով է սուրբ Վալենտինը։ Եղել է, որ անգամ հաղորդավարները ասել են Վալենտինո և կամ էլ Վալենտինա (կարծելով թե կին է), որոշ հեռուստաընկերություններ այդ օրվա համար առաջարկում են «Վալենտինի օր» արտահայտությունը բովանդակող վերնագրով ֆիլմեր, որոնք ոչ մի կապ չունեն Վալենտինի հետ, այլ պարզապես ներկայացնում են երկու սիրահարների ամոթալի և անբարոյական արկածները։

Եվ սրբի մասին շատերի անտեղյակությունը ցույց է տալիս, որ նպատակը ոչ թե այլազգի մեկ այլ սրբի հիշատակը հավերժացնելն է, այլ պարզապես այդ օրը յուրահատուկ կերպով ու հիանալի տրամադրությամբ անցկացնելը, սեփական զգացմունքների համար տոն սահմանելն ու այն նշելը։

Մինչդեռ Քրիստոսի` տաճարին ընծայման տոնը նաև Քրիստոսի` Իրեն ընծայելն է մարդկանց, ովքեր Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով ևս Աստծո տաճարներ են (Ա Կորնթ. 3.16)։ Այսինքն` տերունական որևէ տոն մարդկության հանդեպ աստվածային անսահման սիրո տոնն է։ Եվ եթե երկու բաներ համընկել են միևնույն օրը, ապա պետք է ընտրություն կատարենք։ Ո՞րն ավելի վեր դասենք և հիշատակենք` Աստծո տո՞նը, ով անսահմանորեն սիրում է մարդկանց և տալիս է հավիտենականը, թե՞ մարդկային զգացմունքների տոնախմբությունը։ Այս հարցը տալուց հետո մեկ րոպե անցկացրեք լռությամբ և ցանկության դեպքում կլսեք, թե ինչպիսի պատասխան է տալիս ձեր խիղճը։