ՍԱՏԱՆԱՅԻ, 666 ԹՎԻ ԵՎ ՆԵՐԿԱ ԿՅԱՆՔԻ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շարականներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես հրեաների ետևից ընթացող փարավոնն իր զորքով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովի ջրերը: Շատ գեղեցիկ համեմատություն կա այստեղ. իսրայելցիների ջրով անցնելը խորհրդանշում է քրիստոնյաների մկրտությունը, փարավոնը խորհրդանշում է սատանային, իսկ փարավոնի և նրա զորքի ընկղմվելը` սատանայի ու նրա զորքի պարտությունը:

Այժմ խոսենք սատանայի և հակաքրիստոսի ու չարի վերջնական պարտության մասին: Հայաստանում եղավ մի շրջան, երբ որոշ թերթերում հոդվածներ երևացին և շատ մարդիկ էլ սկսեցին խոսել հակաքրիստոսի և նրա նշանի մասին: Սրա պատճառը հիմնականում վերջերս կատարված սոցիալական քարտերի և դրանում մարդուն տրվող համարների նորամուծությունն էր հայ հասարակության մեջ` պնդումով, որ առանց այդ քարտի հնարավոր չի լինի տարեցների համար թոշակ, աշխատողների համար աշխատավարձ ստանալ, նույնիսկ բանկերում կոմունալ վճարումներ կատարել:

Առանց սոցիալական քարտի թոշակների պահման և վճարումների արգելման որոշումը գործադրվեց մի կարճ ժամանակ, քանի որ այն հետագայում չեղյալ հայտարարվեց Սահմանադրական դատարանի կողմից: Ոմանք սոցիալական քարտերի կիրառումը նույնացրին Հովհաննու Հայտնության մեջ նկարագրվածի հետ, որտեղ նշվում է, որ մարդկանց վրա պիտի դրոշմվի հակաքրիստոսի նշանը, առանց որի մարդիկ չեն կարող ոչ գնել և ոչ էլ վաճառել (Հայտ. 13.17): Սակայն խուճապի պատճառը հիմնականում Աստվածաշնչի և հոգևոր գրականության ոչ լավ իմացությունն է:

Հեռուստաընկերություններից մեկի կողմից արված հարցումների համաձայն` Հայաստանի բնակչության զգալի մասը Աստվածաշունչ գրեթե չի կարդում: Մարդիկ պարզապես զբաղված են իրենց առօրյա գործերով, իրենց մարմնի կերակուրը հայթայթելով և այս ամենի մեջ մոռանում են հոգևոր կերակրի մասին: Ու այս վիճակով մարդիկ որոշ լուրեր են լսում, սատանայի և հակաքրիստոսի մասին ֆիլմեր են դիտում, այդ իսկ պատճառով առաջին իսկ առիթի դեպքում ընկնում են խուճապի մեջ:

Կարծես թե սնահավատության է սպառնում վերածվել նաև 666 թիվը, որը, ըստ Հովհաննու Հայտնության, նեռին բացահայտող թիվ է (13.18): Կան մարդիկ, որ անմիջապես ետ են դառնում ճանապարհից, երբ սև կատու են տեսնում, ոմանք էլ անբարենպաստ են համարում 13 թիվը: Ահա այսպիսի վերաբերմունք է արդեն նկատվում նաև 666 թվի հանդեպ: Ինչ խոսք, սա անտրամաբանական է, որովհետև, օրինակ, շատ մարդկանց մեքենաների համարներ կարող են երեք վեց պարունակել, և Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի բազում մարդկանց հեռախոսահամարները կարող են հերթականությամբ երեք վեցեր ունենալ: Բայց սա չի նշանակում, որ մենք այդպիսի մարդկանց պետք է համարենք չարի ազդեցության տակ գտնվողներ, և խզենք մեր կապերը նրանց հետ:

Եթե այսպիսի տրամաբանությամբ վարվենք, ապա պետք է մի կողմ դնենք նաև Աստվածաշունչը, որովհետև հայերեն տպագիր Աստվածաշունչն առաջին անգամ լույս է տեսել 1666 թվականին: Գրիգոր Տաթևացին նեռի թիվը բացատրում է հայոց այբուբենի թվային արժեքի համեմատությամբ` ՈԿԶ  – 666, որտեղ Ո-ն 600-ն է, Կ-ն` 60-ը, իսկ Զ-ն` 6ը: Տառերի այս հապավումը նշանակում է` ուրանամ կամավ զԱստուած, այսինքն` Աստծուն կամովին ուրացողներն են նեռեր և չարի հետևորդներ:

Տաթևացու բացատրությունը համընկնում է նաև Հովհաննես առաքյալի թղթերում նշվածի հետ. «Ինչպես լսել եք, Նեռը գալու է. բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր» (Ա Հովհ. 2.18), «Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն» (Ա Հովհ. 2.22) «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3), «Բազում մոլորեցնողներ են երևան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա մոլորեցնող է և Նեռ» (Բ Հովհ. 1.7):