ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՌՈՔԸ

Հետաքրքրական է, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին առանձնահատուկ վերաբերմունք ունի ռոքի և այս երաժշտական ժանրի սիրահարների հանդեպ:

2008 թվականին Ռուսիայի մկրտության` Ռուսաստանի, ռուս ժողովրդի քրիստոնեության դարձի 1020-ամյակի առիթով Կիևում կազմակերպված ռոք երաժշտության համերգից առաջ ռոքի երկրպագուներին իր խոսքն ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո ներկայիս Պատրիարք Կիրիլը, ով այն ժամանակ Ռուս Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարն էր: Այդ նույն համերգին ներկայացվեց նաև Ռուս Եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի ուղերձը ռոք համերգին համախմբված մարդկանց:

image123    image124

Ռուս Եկեղեցու քարոզչական գործունեության շրջանակներում ստեղծվել է ռոք-միսիոներականությունը, որի մեջ ներգրավված եկեղեցականները սերտ շփումներ են պահպանում ռոքերների հետ, մասնակցում ռոք համերգներին: Անգամ կուսակրոն, ամուսնացյալ հոգևորականներ, ովքեր սիրում են երաժշտության այս ժանրը և կամ իրենց խոսքով նախկին ռոքերներ են եղել, համերգներին ելույթ են ունենում նաև իրենց կատարումներով կամ որևէ ռոք խմբի ելույթներից որևէ մեկին ձայնակցում բեմում:

image125       image126

Ռուս Ուղղափառ Եկեղեցու այս տեսակ քարոզչությունը, իհարկե, ունի իր ընդդիմախոսները: Դժգոհություններից մեկն այն է, որ քարոզչության համար կարելի է այցելել այն վայրերը, որտեղ հավաքվում են ռոքի սիրահարները և ոչ թե համերգներին խոսքով կամ երգելով ելույթ ունենալ: Բացի դրանից, կարծես թե տարբերակում է դրվում երաժշտության այլ ժանրեր և ռոքը նախընտրողների միջև` առավելությունը տալով վերջիններին:

Եթե ընտրվել է նման քարոզչության ձև, ուրեմն, հոգևորականները պետք է ներկայանան նաև, օրինակ, ռեփ համերգին և ռեփ երգելով, կամ ավելի ճիշտ` արտասանելով` իրենց համակրանքն արտահայտեն ու իրենց խոսքն ուղղեն նաև այս ժանրի երկրպագուներին:

image127Ամեն դեպքում, նկատի ունենալով ագրեսիայի մղող կամ ագրեսիվ տրամադրվածություն առաջացնող որոշակի երաժշտություն, նաև ռոքի որոշ ենթատեսակների երաժշտությունը, պետք է զգուշավորություն դրսևորել ինչոր բան ունկնդրելիս:

Այսպես, ռոքի ենթատեսակներից գարաժային ռոքը, որն առաջացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1960-ական թվականներին, երբ մարդիկ հավաքվում էին ավտոտնակներում` «գարաժներում», և այս տեսակի երաժշտություն հնչեցնում, կարող է մեկի նախապատվության մեջ լինել: Սակայն այս ենթատեսակի երգերի վերնագրեր կան, որոնք նույնպես կարող են հակաքրիստոնեական կամ հոգեմտավոր իմաստով քայքայիչ լինել: