ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Արդի աշխարհի պետություններն իրենց հսկողության կամ հովանավորության ներքո են պահում կրթական համակարգը, կրթության մատուցման հարցը, օժանդակում են ուսումնական հաստատությունների գործունեությանը: Պետության համար ո՞րն է կրթության նշանակությունը:

Պետությունն այլ դիրքից է նայում կրթությանը: Պետության համար կրթության և դրա առաջընթացի հիմնական նպատակը ոչ միայն անձի մտավոր ունակությունների, մարդու հմտությունների, ստեղծագործական ընդունակությունների զարգացումն է, այլև դրանով հանդերձ` երկրի մտավոր և մշակութային ներուժը բարձրացնելը:

Կրթության գործը կազմակերպվում է բնակչության կամ հասարակության, ինչպես և աշխատանքի շուկայում առկա պահանջարկին համապատասխան: Առանձին անձի շահի կողքին նկատի է առնվում հատկապես տարբեր մասնագետների առնչությամբ պետության պահանջարկը:

Այսպիսով, պետությունը հովանավորում և կարևորում է կրթությունը` երեխաներին քաղաքացիության նախապատրաստելու, պատրաստելու հմուտ, փորձառու աշխատուժ, զարգացնելու մտավոր կամ նյութական արտադրողական ուժը, օգնելու աշխատանքային ասպարեզ մտնողներին կրթությամբ ստացած իրենց գիտելիքներով մրցակցելու տեղական, նաև համաշխարհային աշխատաշուկայում: Կրթության բնագավառի զարգացումը դիտվում է որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն:

image161Այսօր առաջատար են համարվում արևմտյան կրթական համակարգն ու ծրագրերը: Տարբեր երկրներ, այդ թվում և Հայաստանը, հրաժարվում են կրթության մատուցման նախկինում ընդունված ձևերից` ընդունելով արևմտյան նոր չափանիշներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Կրթության ասպարեզում տարբեր շեշտադրումները կախված են տվյալ երկրի տնտեսական, հասարակական, հոգևոր, մշակութային, նաև քաղաքական իրադրությունից: Հասարակական պատվերը, կրթության ասպարեզում պետության և հասարակության պահանջարկներն ազդում են մանկավարժության բովանդակության ձևերի վրա, թելադրվում է մասնագետների պատրաստում, որոնց կարիքը կա նոր քաղաքական և սոցիալտնտեսական պայմաններում: Այդ ամենն իրականացվում է երկրների Կրթության նախարարության միջոցով:

Ներկա ժամանակներում քաղաքական գործոնն իր կշիռն ունի կրթության մեջ: Պետությանը և իշխանություններին անհրաժեշտ են այնպիսի կրթական դաստիարակություն ու քարոզչամիջոցներ, որոնցով կտարածվի և կարմատավորվի իրենց գաղափարախոսությունը, որով հիմք կհաստատվի պետական տվյալ համակարգի գոյատևման համար:

Դրա վառ օրինակն են Խորհրդային Միությունը, որը միջնակարգ ու բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում տարածում էր աթեիզմի և սոցիալիզմի իր գաղափարաբանությունը, ինչպես և այսօր` Չինաստանը, որը կրթության միջոցով կոմունիզմի գաղափարներն է տարածում, Հյուսիսային Կորեան, որտեղ ևս գիտելիքի մատուցումից զատ ակնհայտ քաղաքական և գաղափարաբանական կրթություն է իրականացվում:

Այդպիսի երկրներում ձևափոխվում և նույնիսկ աղավաղվում է «պատմություն» առարկան` ընդունված գաղափարախոսության շահերի համաձայն: Պետություններում քաջալերվում է ենթակա մարդկանց և տվյալ պետության քաղաքական համակարգում գերիշխող գաղափարախոսությանը հարող անձանց պատրաստումը` հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների, կառավարման մարմինների կազմում քաղաքական գործիչների լայն ներգրավվածությամբ կամ իշխող կուսակցության կողմից աջակցությամբ, ինչպիսի օրինակներ կան նաև Հայաստանում:

20-րդ դարի կեսերից սկսյալ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսնելով Խորհրդային Միության ձեռքբերումներն ու նվաճումները հատկապես տիեզերքի ուսումնասիրման և տիեզերագնացության մեջ, լրջորեն մտահոգվեց ամերիկյան կրթության արդյունավետության առնչությամբ և ըստ Խորհրդային Միության կրթական համակարգի չափանիշների` փոփոխություններ կատարեց իր կրթական ասպարեզում:

Այսօր, ընդունելով արևմտյան կրթական մոտեցումներ, չպետք է մոռանալ նաև ամեն երկրի ու ժողովրդի համար առանձահատուկ պայմանների, պահանջարկի, մշակութային յուրահատկության, ավանդույթների և հավատալիքի առկայությունը:

Նոր ժամանակներում կրթությունը միտում ունի վերածվելու կրթական արտադրության` ըստ տրված ցուցանիշների: Երբեմն թվում է, որ կարծես կրթության կաղապարով միանման մարդիկ են ձուլում: Տարբեր առարկաների գիտելիքները փոխանցելով` հետո ստուգում են, թե որքանով են սովորած աշակերտները համապատասխանում կրթության արտադրության չափանիշներին:

Ներկա աշխարհիկ կրթության ասպարեզում մեկ այլ բացասական մոտեցում է նկատվում` մատերիալիստական տեսակետի պարտադրանքը մարդկության պատմության, մարդու ծագումնաբանության հետ կապված: Կրթության ոլորտում մատերիալիստական հայացքի մենաշնորհը գալիս է այն իրողությունից, որ երբեմն գիտության որոշ գործիչներ գիտությունը փորձել և փորձում են դարձնել գաղափարախոսություն ընդդեմ քրիստոնեության:

Թերևս առավել արդյունավետ կլիներ զարգացնելու մտածողության ստեղծարարության, ինքնուրույն վերլուծելու, նախաձեռնող լինելու ընդունակությունները, քան ուշադրությունը սևեռել բարդ բառապաշարով տեքստերի բերանացի վերարտադրության և թվականների անգիր սովորելու պարտադրանքի վրա, այսինքն` ավելի զարգացնելու ստեղծարար մտածողությունը, գիտելիքը բարօրությանը ծառայեցնելու ունակությունը և ոչ թե մտածողության հիշելու կարողությունը:

Քրիստոս Իր աշակերտներին ընտրեց ոչ թե գիտուններից ու գիտնականներից, այլ մարդկանցից, ովքեր ոչ շատ իմաստուններ էին, ոչ շատ հզորներ, ոչ շատ ազնվականներ (Ա Կորնթ. 1.26), ովքեր ճշմարտությունը, ճշմարիտ գիտելիքն ընդունելով` իրենք վերափոխվեցին դրանով և իրենց նախանձախնդրության, ջերմեռանդության, նվիրվածության, նաև անձնուրացության հատկանիշների շնորհիվ առաջադեմ գաղափարներ տարածեցին մարդկության մեջ և բարեշրջեցին աշխարհի ընթացքը:

Մինչդեռ իմաստություն, գիտելիքների հսկա պաշարներ ունեցողները դրանք ճիշտ օգտագործելու, ինքնանպատակ չլինելու, վեհ և առաքինի կյանքով ապրելու, մարդկությանը ծառայություն բերելու, համընդհանուր շահի համար գործունեություն ծավալելու նախանձախնդրություն չունեին:

Դրա համար է Սուրբ Գրքում ասված. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ: Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր` բանգետը, ո՞ւր` այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը. քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն Նրա իմաստությամբ» (Ա Կորնթ. 1.19-20), «իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և hիմարացան» (Հռ. 1.22): Արդ, «Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25):