ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՔՐԻՍՏՈՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Անապատում Քրիստոսի փորձությունների մասին պատմում են երեք ավետարանիչներ (Մատթ. 4.1-11, Մարկ. 1.12-13, Ղուկ. 4.1-13): Կարծիք կա նաև, որ Քրիստոսի փորձություններն անապատում ներքին փորձություններ էին, և սատանան ներքնապես, մտավոր կերպով էր փորձում Քրիստոսին։

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանն ասում է. «Սատանայի երեք փորձությունները նպատակ ունեցան փորձելու մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը: Այս բառերն ենք օգտագործում և չենք ասում` մարմնասիրություն, շահասիրություն և փառասիրություն, որովհետև թե՛ մարմնի, թե՛ շահի և թե՛ փառքի օրինավոր սեր կա, որը երբեք մոլի կիրք չէ և մարդուն ուղիղ ճանապարհից չի շեղում»։

Սակայն Քրիստոս միայն այս երեք փորձությունները չունեցավ անապատում, որովհետև Մարկոսի Ավետարանից հայտնի է, որ Նա փորձվում էր 40 օր շարունակ։ Իսկ այս երեք գլխավոր փորձությունները գրվել են ընդդեմ մարմնամոլության, շահամոլության և փառամոլության։