ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՔՐԻՍՏՈՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Ըստ Մատթեոս ավետարանչի` Քրիստոս Իր աշակերտներին ուղարկեց ավանակ բերելու: Ուղարկված աշակերտների անունները ոչ մի տեղ չի նշվում: Երբ Տերն ուղարկեց ավանակը բերելու, սրանով սկսվեց  իրականանալ մարգարեությունը (Եսայի 62.11, Զաքարիա 9.9, Ծննդոց 49.11): Մատթեոսը նշում է` մի էշ ու ավանակ՝ քուռակ, իսկ մյուս ավետարանիչները մի ավանակ են հիշում: Մատթեոս ավետարանիչը նշում է, որ Քրիստոս միանգամից նստեց էշի և քուռակի վրա, սակայն Մաղաքիա Օրմանյանը բացատրում է, որ մեկին նստելով մյուսի վրա էլ նստած համարվեց: Սուրբ Ներսես Շնորհալին ասում է, որ էշը և ավանակը՝ քուռակը,  խորհրդանշում են հրեաներին ու հեթանոսներին. «Նստեալ յէշ և յաւանակ, կրկին ազանց գոլ օրինակ»: Մարգարեություններում նշվում են երկուսը` էշը և քուռակը, բայց կարծիք կա որ դա հրեական բանաստեղծական ոճ է, որը նախ ներկայացնում է առարկան, այնուհետև բացատրում դրա ինչպիսին լինելը: Աշակերտներն էշի վրա զգեստներ գցեցին. դա պատվի նշան է, որի մասին հիշատակվում է նաև Հին Կտակարանում (Դ Թագ. 9.13): Ըստ Ստեփանոս Սյունեցու` էշի արձակումը խորհրդանշում է Հին Կտակարանի պարզաբանումը, որը կապված էր խրթնաբանության կապանքներով: Իսկ քուռակը խորհրդանշում է Նոր Կտակարանը, որի վրա նստեց Քրիստոս առաքյալների պարզաբանումով (զգեստներ գցելով): Ավետարաններում ոչ մի տեղ չի նշվում, որ Տերը նույնիսկ հոգնած ժամանակ որևէ փոխադրամիջոց գործածեր: Հնում ավանակ նստելն անպատվաբեր չէր, այլ տարածված ու հարգելի փոխադրամիջոց էր, սակայն ավելի ցածր, քան երիվարը։ «Տերն իմաստությամբ խոնարհություն ցույց տվեց»,- ասում է Օրմանյանը: Ըստ Հովհան Ոսկեբերանի նույնպես՝ էշ նստելը խոնարհության օրինակ էր: