ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՔՐԻՍՏՈՍԻՆ ՉԱՐՉԱՐՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Երախտամոռության գարշելի օրինակ է Տիրոջն ապտակողը, որի անունը Մաղքոս էր: Սրա ականջն էր կտրել Պետրոսը (Հովհ. 18.10), իսկ Քրիստոս սիրով բուժել էր նրա կտրված ականջը (Ղուկ. 22.50-51): Սակայն Մաղքոսը, որ քահանայապետի ծառան էր, իր տիրոջը հաճոյանալու համար հարցաքննության ժամանակ ապտակեց Քրիստոսին (Հովհ. 18.22):

Քրիստոսի վրա թքողի անունը Ոչքոր կամ Ոչքորան էր (Մատթ. 26.67, Մարկ. 14.65), լեղին խմեցնողի անունը` Ռագոս (Հովհ. 19.29): Քրիստոսի հետ խաչված ավազակներից (Մատթ. 27.38, Մարկ. 15.27, Ղուկ. 23.32, Հովհ. 19.18) բարեմիտը հեթանոս էր, իսկ հայհոյիչը` հրեա: Սակայն հավատացած ավազակի մասին ասվում է, որ նա հետո հրեություն էր ընդունել, իսկ չար ավազակը իր ծննդյամբ բուն հրեա էր: Հավատցյալ ավազակի անունը Դեմնոս էր, անհավատինը` Կեստոս:

Հարյուրապետի անունը, ով իր զինվորներից մեկին հրամայեց խոցել Քրիստոսին (Հովհ. 19.34), Ղունկիանոս էր: Քրիստոսի մահը տեսնելով` հարյուրապետը հավատաց Քրիստոսին (Մատթ. 27.54, Մարկ. 15.39, Ղուկ. 23.47): Երբ Քրիստոսի կողը խոցեցին, կողից արյուն և ջուր բխեց (Հովհ. 19.34): Սա տեսնելով` Ղունկիանոս հարյուրապետը իր ձեռքը վերցրեց արյունոտ տեգը և համբուրեց, այնուհետև շփեց իր կուրացած աչքը, որը հավանաբար վնասվել էր մարտերից մեկի ժամանակ, և տեսողությունը վերականգնվեց: Մեր Սուրբ Եկեղեցին հատուկ հարգանքով ամեն տարի նշում է Ղունկիանոս հարյուրապետի հիշատակը: