ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՎԵՃ  ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հովհաննեսի  աշակերտները Քրիստոսին հարցնում են. «Ինչու՞ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ Քո աշակերտները չեն պահում»: Հիսուս նրանց ասաց. «Միթե կարելի՞ բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա ծոմ կպահեն:

Ոչ ոք չօգտագործված կտավի կտորը հնացած ձորձի վրա չի կարկատի, քանի որ այն իր լրիվ չափով կպատռի կհանի զգեստից, և պատռվածքը ավելի վատ կլինի: Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ են դնում. ապա թե ոչ տիկերը կպատռվեն. և՛ գինին դուրս կթափվի, և՛ տիկերը կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են» (Մատթ. 9.15-17):

Քրիստոս Իր պատասխանի մեջ օգտագործում է հարսանիքի և փեսայի փոխաբերական պատկերը: Ինչու՞ Քրիստոս հենց փեսայի և հարսանիքի փոխաբերությամբ պատասխանեց Հովհաննեսի աշակերտներին: Հովհաննեսի աշակերտներին այս պատկերը լավ հայտնի էր: Երբ նրանք Հովհաննես Մկրտչին հարցրել էին Քրիստոսի մասին, Հովհաննեսը Քրիստոսին համեմատել էր փեսայի հետ, իսկ իրեն` փեսայի բարեկամի, նշելով, որ բարեկամը մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար (Հովհ. 3.26-29):

Հրեաների մոտ կային պահքի և ծոմի շատ օրեր, սակայն Քրիստոս առաջնային էր համարում միայն օրենքով հաստատված պահքը: Ըստ օրենքի` հրեաները տարվա մեջ միայն մեկ անգամ պետք է պահք պահեին` 7-րդ ամսվա 10-րդ օրը  (Ղևտ. 16.29, 31): Այնուհետև ավելացավ նաև շաբաթապահքը՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերի պահքը:

Սա երևում է փարիսեցու  և մաքսավորի առակից, որտեղ փարիսեցին իրեն գովելով ասում է, որ շաբաթը երկու անգամ ծոմ է պահում (Ղուկ. 18.12): Ապա ավանդությամբ ավելացել է նաև հրեա ժողովրդի կյանքում տխուր առիթներով պահքը:

Քրիստոս այս ամենից հետո հայտարարում է Հին Ուխտի  դադարումը և Նոր Ուխտի սկիզբը: Տիկերը և գինին հիմնականում Հին և Նոր Կտակարանների իմաստն ունեն: Քրիստոս ցանկանում է ցույց տալ, որ հնացածն այլևս պիտանի չէ գործածության, և պետք է օգտագործել նորը: