ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Լեռան քարոզում Փրկիչը խոսում է ամուսնական կյանքում սրբությունը պահպանելու մասին, դատապարտում անհավատարմությունն ու շնությունը` նախ ցույց տալով այն ամուսնական կյանքից դուրս և հետո ամուսնական կյանքից ներս (Մատթ. 5.27-32): Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Քրիստոս, որևէ  բան բացատրելիս, ամբողջապես է բացատրում և հետո անցնում  մյուս թեմային:

Այստեղ Քրիստոս դարձյալ լրացնում է Հին Ուիտի  պատվիրանը` զգուշացնելով  ոչ միայն մարմնական, այլև մտավոր շնությունից, քանի որ  մեղքերը մտքից սկսվելով են կատարվում: Քրիստոս, խոսելով կնոջն արձակելու մասին, ասում է, որ եթե մարդն արձակում է առանց անառակության պատճառի, կնոջը մղում է շնության, և հակառակը` արձակվածին առնելը նույնպես շնություն է: Քրիստոս նշում է  նաև, որ Մովսեսի սահմանած արձակման թուղթը հրեաների խստասրտության պատճառով էր տրվել, նաև ասում է, որ ինչ  Աստված միացրել է, մարդը չպետք է բաժանի:

Այս հարցի վերաբերյալ Կաթոլիկ Եկեղեցու հեղինակներից Հերոնիմոսն ասում է. «Եթե կինը հարբեցող է կամ վատ բնավորության տեր, մի՞թե պետք է հանդուրժել», ապա ավելացնում` այո, քանի  որ Քրիստոս է այդպես պատվիրել: Նույն ձևով էլ Կաթոլիկ Եկեղեցին չի ընդունում ամուսնության լուծարումը: Նույնիսկ 16-րդ դարում Տրիդենտի ժողովում նզովք է դրվել նրանց վրա, ովքեր պնդում էին, որ գոնե անառակության պատճառով  պետք է բաժանվել։ Սակայն Կաթոլիկ Եկեղեցին համարում է, որ պապը  կարող է անվավեր համարել ցանկացած ամուսնություն:

Բայց ինչպե՞ս է, որ տարբեր հիմնավոր պատճառներով  բաժանումը մեր Եկեղեցին ընդունում է: Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի` բացատրությունն այն է, որ Քրիստոս արգելեց  մարդու անհատական կամքով կնոջ արձակումը և երբեք դեմ չկանգնեց օրենսդրական կարգով ամուսնության լուծարմանը: Այսինքն` Քրիստոս մերժում էր մարդու անհատական քմահաճույքը կամ ցանկությունը  ընտանեկան կյանքը կործանելու հարցում, քանզի Աստծո համար հաճելի է ընտանիքում տիրող սերը, խաղաղությունն ու համերաշխությունը: