ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՈՎ ԻՐ ԱՆՁԸ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ԱՅՍ ՄԱՆՈՒԿԸ

Քրիստոս, պատասխանելով առաքյալների այն հարցեին, թե իրենցից ով է մեծը, մի մանուկ կանչեց Իր մոտ, կանգնեցրեց նրանց մեջ և ասաց. «Ով իր անձը խոնարհեցնում է, ինչպես այս մանուկը, Երկնքի արքայության մեջ նա է մեծ» (Մատթ. 18.2-4): Սուրբ Գրքի մեկնիչներն այս հատվածում ուշադրություն են դարձրել խոնարհության ըմբռնումի վրա: Ստեփանոս Սյունեցին, համաձայն մյուս եկեղեցական հեղինակների հետ, տարբերակում է սեփական կամքով խոնարհվելու և հանգամանքների, պարտադրանքի ներքո խոնարհվելու իրողությունները:

Ըստ Սյունեցու` անձը խոնարհեցնելն ու տառապեցնելը և ուրիշի պատճառով խոնարհվելն ու տառապելը նույնը չէ։ Ով իրեն խոնարհեցնի, նա կբարձրանա, իսկ ով խոնարհվում և տառապում է տնանկությունից կամ ուրիշների նախատինքներից, ապա դա հոժարակամ խոնարհություն չէ։

Ըստ գեղեցիկ ավանդության` առաքյալներին մեծ լինելու բացատրությունը տալու համար Քրիստոսի կողմից կանչված մանուկը Սուրբ Իգնատիոսն է, ով դարձավ Անտիոքի եպիսկոպոս և իր մանկության շրջանում Տիրոջ հետ առնչվող այս դեպքի համար կոչվեց Աստվածազգյաց: Սուրբ Իգնատիոս Աստվածազգյացը հալածանքների ժամանակ հոժարակամությամբ նահատակվեց հանուն Քրիստոսի:

Քրիստոս առաքյալներին Իր բացատրությունը տալուց հետո նաև խստորեն նախազգուշացրեց՝ Իրեն հավատացող փոքրիկներից մեկին չգայթակղեցնել (6): Ավետարանական այս հատվածում փոքրիկը և մանուկը նույնը չեն, այլ փոքրը տկարամիտ, նոր դարձի եկած հավատացյալն է, որին պետք է օգնել և աջակցել՝ Քրիստոսի կողմից պատվիրած սերը ցուցաբերելով։