ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՄԻ ՏՎԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ՇՆԵՐԻՆ ԵՎ ՁԵՐ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ ՄԻ ԳՑԵՔ

Մի՛ տվեք սրբությունը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն (Մատթ. 7.6):

Ըստ Օգոստինոսի, երբ Քրիստոս խոսեց սրբության մասին, մարդկանց մոտ կարող էր հարց առաջանալ, թե որտեղից իրենց սրբություն, որ ունենան և դեռ ավելին` գցեն շների և խոզերի առաջ: Այդ իսկ պատճառով Քրիստոս ասաց. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ»:

Եփրեմ Ասորու կարծիքով` այստեղ պետք է ուշադրություն դարձնել սրբությունը չգցելու վրա, որովհետև ով որ ճշմարտությունը գցում է, դառնում է գործակից նրան, ով, Քրիստոսի պատմած առակի համաձայն (Ղուկ. 9.11-26), իր տիրոջ տված մեկ մնասը չբազմապատկեց, այլ անգործությամբ նույն կերպ պահեց: Այս հատվածում տեսնում ենք համեմատությունը. մեկը տիրոջ տվածը չպահպանեց, իսկ մյուսն էլ չբազմապատկեց:

Ստեփանոս Սյունեցու բացատրությամբ` սրբությունը և մարգարիտները քրիստոնեական վարդապետությունն են, որ չպետք է անարժանների առաջ գցել: Շները նրանք են, ովքեր չուզենալով լսել ճշմարտության խոսքը, անընդհատ հաչելով փորձում են հաղթել, իսկ խոզերն անգիտության խավարում թավալվողներն են: