ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ

«Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ Ես ձեզ ասում եմ, թե` ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. 5.21):

Քրիստոնեության տեսակետից ամբողջովին  մերժելի են սպանությունները: Սակայն  սրա դեմ առարկություններ կան, որոնք հիմնվում են Քրիստոսի խոսքերի վրա, թե` ձեզ համար սուր գնեցեք (Ղուկ. 22.36), սուր վերցնողը սրով կընկնի (Մատթ. 26.52): Իրականում Քրիստոս այս խոսքերն ասել էր ոչ թե հորդորելով առաքյալներին իրենց քարոզչության ժամանակ սրով պաշտպանվելու, այլ ցույց էր տալիս, որ ողջ աշխարհն է զինվել նրանց դեմ, և նրանք պետք է ամեն ինչի պատրաստ լինեն: Այսինքն` այստեղ սուր գնելը նշանակում է պատրաստվել հարձակումներին դիմագրավելու:

«Սուր վերցնողը սրով կընկնի» կամ ուղղակի մեջբերմամբ՝ «ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» խոսքերը, ըստ ոմանց, ժողովրդական ասացվածք է, որի համաձայն՝ յուրաքանչյուրի համար պատիժ կլինեն իրենց թերությունները, ինչպես որ այս մասին ակնարկվում է նաև Հայտնության գրքում (13.10): Այս խոսքերով Քրիստոս նաև արգելեց մարդկանց սուր վերցնելը այն ընկալմամբ, որ սուր վերցնողն ինքն արդեն հրահրում է ուրիշներին սուր վերցնելու և շատ հավանական է, որ հենց ինքն էլ սրով կմեռնի:

Փաստորեն, այս հատվածներում «սուր» բառն ավելի շատ գործածված է փոխաբերական նշանակությամբ: Սրա ապացույց այն է, որ  Քրիստոս  չքաջալերեց Պետրոսի արարքը, երբ նա սրով  կտրեց քահանայապետի  ծառայի՝ Մաղքոսի ականջը (Մատթ. 26.51-52, Մարկ. 14.47, Ղուկ. 22.49-50, Հովհ. 18.10): Նաև առաքյալները ևս Քրիստոսի` սրի մասին ասված խոսքերը հալածանքների նախազգուշացման իմաստով հասկացան, որովհետև գիտենք, որ առաքյալները գրեթե բոլորն էլ նահատակվեցին, բայց ոչ ոք դիմադարձ չեղավ սրով: Ավետարանի այս հատվածում Քրիստոս անդրադառնում է նաև եղբոր հետ հաշտության, անոխակալության անհրաժեշտությանը, որովհետև մտքում պահպանվող զայրույթը մարդուն հետո կարող է մղել անգամ սպանության:

Նոր Կտակարանում Քրիստոսի ցույց տված Նոր Ուխտի մարդն այնպիսին է, որ ոչ ոքի չի սպանում և սիրում է անգամ իր թշնամիներին, օրհնում իրեն անիծողներին, բարություն անում իրեն ատողներին և աղոթում իրեն չարչարողների և հալածողների համար (Մատթ. 43-44): Այսինքն` հավատքի և բարոյականության առումով սա կատարյալ մարդ է, որի մեջ չարի կամ բացասականի նշույլ անգամ չկա:

Սակայն ինչպե՞ս վարվել պատերազմների ժամանակ: Երբ Քրիստոսի կողմից հաստատվեց Նոր Ուիտը, Հին Ուխտը  չդադարեց գոյություն ունենալուց, և երբ Քրիստոսի կողմից տրվեց նոր մարդու կերպարը, հին մարդը չդադարեց գոյություն ունենալուց: Այդ պատճառով  էլ դեռ մարդկանց մեջ գործում են Հին Ուխտն ու հին մարդը:

Ընդհանրապես որևէ սպանություն նահանջ է Նոր Ուխտից Հին Ուխտ, և պատերազմների ժամանակ սպանությունները կատարվում են Հին Ուխտի հասկացությունների հիման վրա: Նոր Ուխտով ապրող մարդն այս պարագայում ստիպված նահանջում է Հին Ուխտ սեփական արժեքները ոչնչացումից փրկելու համար։ Այդ իսկ պատճառով եկեղեցական կանոնագրքում ապաշխարության որոշակի հորդոր կա նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով սպանություն գործած անձանց համար:

Սակայն Նոր Կտակարանում հստակորեն նշված է Հայրենիքի պաշտպանության համար բանակի կամ զորքի անհրաժեշտությունը: Օրինակ` երբ զինվորները Հովհաննես Մկրտչին հարցրեցին, թե իրենք ինչ պետք է անեն, Սուրբ Հովհաննեսը սխալ չհամարեց նրանց զինվորական ծառայությունը, այլ ասաց. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ.3:14):

Պողոս առաքյալն իր անշահախնդիր գործունեության մասին խոսելիս համեմատություն է անում զինվորի ծառայության հետ` ասելով. «Ո՞վ զինվորություն կանի իր ծախսով» (Ա.Կորնթ. 9:7): Պողոս Առաքյալը  նաև հավատքի  մասին խոսելով ասում է, որ  հավատքով էին Սամսոնը, Դավիթը,  Սամուելը (նաև  Գեդեոնը,  Բարակը, Հեփթայեն)  անպարտելի  դառնում պատերազմում  և ընկճում  օտարների  բանակներին (Եբր. 11. 32-35):