ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԻՍԿ ԵՍ ՁԵԶ ԱՍՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆԵՎԻՆ ՉԵՐԴՎԵԼ

«Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևին չերդվել, այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ. որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ. 5.33-37):

Քրիստոս  պատվիրում է չերդվել, այլ պարզապես խոսքով հաստատել սեփական ասելիքը: Հայրերից Հովհան Ոսկեբերանն  ու Օգոստինոսը նույնպես այն  կարծիքի են, որ երդումից պետք է խուսափել: Սակայն Հերոնիմոսն ասում է, որ այս համարներում Քրիստոս խոսեց երկնքով, Երուսաղեմով և սեփական գլխով երդվելու դեմ, սակայն ոչինչ չասաց Աստծո  անունով երդվելու համար. հետևաբար, կարելի է միայն Աստծով երդվել, քանի որ այդպիսի պատվեր կա նաև օրենքի մեջ (Բ Օրինաց 10.20): Հերոնիմոսը սա բացատրում է` ասելով, որ երբ մարդը երդվում է, երդվում է իր համար ամենաթանկ, ամենասիրելի բանով և Աստծով երդվելով ցույց է տալիս իր մեծ սերն Աստծո նկատմամբ: Այս կարծիքը, սակայն, համընդհանուր ընդունելության չարժանացավ:

Քրիստոնեության նախնական շրջանում երդումներ չէին ասվում, սակայն  5-րդ դարից սկսած հաստատվեց հատուկ հանգամանքներում երդում կատարելը: Այստեղ նկատի է առնվում հատկապես երդումը պետական ծառայությունների և պետական արարողությունների ժամանակ, որովհետև քրիստոնեությունը պետական բնույթ ձեռք բերելով` պետությանը վերաբերող  համապատասխան հարցերում ընդունեց երդման ձևը: Սակայն պետք է իմանալ, որ այս երդումը տարբերվում է Քրիստոսի ակնարկած երդումից նրանով, որ այն հիմնականում խոստանալու իմաստն ունի։

Չերդվելու պատվիրանը  կոչ է կատարելության և ազնվության հասնելու, որով դիմացինը կասկած չի ունենա ասված խոսքի նկատմամբ: