ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵՍ Է ՇԻՆՎԱԾ ՁԵՐ ՏՈՒՆԸ

«Ով որ լսում է Իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված:

Իսկ ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթ. 7.24-27):

Ստեփանոս Սյունեցին ասում է. «Ով իր առաքինությամբ տուն է շինում Քրիստոսի վեմի վրա, նա չպիտի սասանվի անձրևի գալուց, գետերի հորդելուց և հողմերի փչելուց։ «Անձրևը» չար բանսարկուն է, «գետերը» այս անձրևից առաջացած նեռերն են, «հողմերը»` բոլոր չար հոգիները։ Եվ այս «վեմի» վրա չեն երևում Սողոմոնի ասած օձի հետքերը ապառաժի վրա (Առակներ 30.19)»: Օձը, որ խորհրդանշում է սատանային, բնության օրինակին հակառակ չի կարող ճամփա ունենալ այս հոգևոր վեմի վրա:

Հովհան Ոսկեբերանը մի կարծիք է արտահայտում, ըստ որի՝ տիեզերական անխախտ օրենք կա. եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի, ոչ ոք` ո՛չ  իր թշնամիները, ո՛չ  ամբողջ մարդկությունը, ո՛չ  էլ չար ուժերի կամ հրեշտակների բազմությունը և ո՛չ  էլ ամբողջ տիեզերքը վերցրած նրա դեմ ոչինչ չեն կարող անել: Ոսկեբերանն ասում է, որ հիմար մարդու կողմից ավազի վրա շինված տունը կործանեցին ոչ թե անձրևները, գետերը կամ հողմերը, այլ առաջին հերթին՝ նրա անխելքությունն ու հիմարությունը: