ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԹՈՂ  ՄԵՌԵԼՆԵՐԸ ԹԱՂԵՆ ԻՐԵՆՑ ՄԵՌԵԼՆԵՐԻՆ

Եվ Իր աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, ինձ թո՛ւյլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ»: Հիսուս նրան ասաց. «Դու Իմ հետևի՛ց արի և թո՛ւյլ տուր, որ մեռյալնե՛րը թաղեն իրենց մեռելներին» (Մատթ. 8.21-22, Ղուկ. 9.60):

Ի՞նչ է նշանակում «մեռելները թող թաղեն իրենց մեռելներին»: Կա երկու կարծիք` առաջին «մեռյալ» բառը փոխաբերական իմաստով է, իսկ երկրորդը` ուղիղ իմաստով: Այսինքն` մեղքերով մեռածները կամ մեղքերի մեջ մեռածները թող թաղեն մեռածներին: Մեկ այլ կարծիքով «մեռել» բառը Քրիստոսի խոսքի երկու մասում էլ փոխաբերական է՝ թող անհավատները անհավատներին թաղեն: Ըստ Կղեմես Ալեքսանդրացու` այս աշակերտը եղել է Փիլիպոս առաքյալը, սակայն տվյալ կարծիքը կարելի է համարել անձնական, որովհետև բացի այդ մասնավոր տեսակետից ոչ մի այլ փաստարկ չկա:

Հին Կտակարանում ուխտյալների համար օրենք կար, ըստ որի՝ Աստծուն հատուկ ուխտ արած բոլոր օրերին ուխտյալը չպիտի մոտենա դիակին, եթե մահացածը նույնիսկ իր հարազատ հայրը, մայրը, եղբայրը կամ քույրը լինի (Թվեր 6.6-7):

Աշակերտը Քրիստոսին խնդրեց, որ թույլ տա գնալ հորը թաղելու, սակայն Քրիստոս արգելեց: Նման մի դեպքի կարող ենք հանդիպել Հին Կտակարանում։

Երբ Եղիա մարգարեն ընտրեց Եղիսեին` իրեն հետևելու համար, Եղիսեն ասաց. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ», որին Եղիան պատասխանեց. «Գնա՛ և վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել» (Գ Թագ. 19.20):

Իսկ Քրիստոսի պատասխանն ուրիշ էր: Աշակերտի պահանջը բնական էր, և Քրիստոս երևի թե թույլ տար, եթե Եղիսեի պես «նախ» բառը չօգտագործեր և սրտով ու մտքով Աստծուն նախապատվության հստակությունն ունենար: Այս արգելքով Քրիստոս հասկացրեց, որ «Ով իր հորը և կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10.37):