ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԵՐԱՆԻ ՀՈԳՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Քրիստոս ինը երանիներ ասաց.

  1. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»: Հոգով աղքատներ համարվում են հեզերը, խոնարհները: Քրիստոս Իր առջև տեսնում էր պարզ, հասարակ ժողովրդին, որն էլ մեծ հետաքրքրությամբ լսում էր Իր խոսքերը: Եվ Քրիստոս «հոգով  աղքատներ» անվանեց նրանց, ովքեր զգալով իրենց հոգու աղքատությունը` ձգտում  են մեկ ուրիշից վերցնել հոգևոր հարստության պտուղներ, այսիքն` հոգով աղքատները նրանք են, ովքեր ունեն հոգևոր ծարավ:
  2. «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»: Սգավորները նրանք են, ովքեր փախչում են այս աշխարհի արտաքին, մեղսալից ուրախությունից և սգում են իրենց մեղքերի համար: Նրանք ներում և մխիթարություն կգտնեն Աստծո կողմից:
  3. «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն»: Խոսքն իրական աշխարհի մասին է, որովհետև այստեղ կարծես նաև մարգարեություն կա ամբողջ աշխարհում քրիստոնեության  տարածման մասին: Սակայն ըստ մեկ այլ մեկնության` «երկիրը» այս հատվածում նշանակում է Երկնքի արքայություն:
  4. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Աստված խոստանում է հատուցում տալ արդարության ձգտումի համար:
  5. «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»: Ողորմած եղողը Աստծուց ողորմություն կգտնի:
  6. «Երանի նրանց, որ մաքուր են սրտով, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: Ուշադրություն պետք է դարձնել «սիրտ» և «տեսնել» բառերի վրա: Այս երկու բառերի` միմյանց հետ օգտագործումը ցույց է տալիս, որ նկատի ունի հոգևոր, ոչ թե մարմնավոր տեսողությունը (հոգու աչքերով):
  7. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ խաղաղարարները Աստծո որդիներ են կոչվելու, որովհետև նրանց գործունեությունը նման է Քրիստոսի գործունեությանը: Քրիստոս հաշտություն և խաղաղություն հաստատեց մարդու և Աստծո միջև:
  8. «Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»: Այս ընթացքի մեջ եղողները Աստծուց հավիտենության և Երկնքի արքայության պարգևին պիտի արժանանան:
  9. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն»: Վերջին երանիում փոխվում է քերականական դեմքը` երրորդից դառնում երկրորդ։ Սրանով Քրիստոս դիմում է անմիջապես առաքյալներին` կանխագուշակելով  նրանց և առաջին քրիստոնյաների հալածանքներն ու տանջանքները: