ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԵՎ ՀԻՍՈՒՍ ԱՐՏԱՍՎԵՑ

Ղազարոսի հարության ավետարանական պատմության մեջ (Հովհ. 11.35-46) հետաքրքրական է Քրիստոսի արտասվելը: Հրեաները, տեսնելով Ղազարոսի գերեզմանի մոտ Քրիստոսին արտասվելիս, ասացին. «Տեսե՛ք, ինչքան էր սիրում նրան» (35-36): Ըստ Եփրեմ Ասորու` Քրիստոս նախ արտասվում էր համայն մարդկության մեջ ապրող այն անձերի համար, ովքեր այժմ մարմնով ապրում են, բայց հետո պիտի հոգեպես մեռնեն: Ավետարանը, ապացուցելու համար Ղազարոսի կատարյալ կերպով հարություն առնելը և առողջացած լինելը, նշում է, որ այդ դեպքից որոշ ժամանակ անց նա Քրիստոսի հետ մասնակցում էր մի ընթրիքի (Հովհ. 12.1):

Եկեղեցական հեղինակները, Քրիստոսի արտասվելը նկատի ունենալով, խոսում են ծիծաղի վնասակարության մասին, հիշատակելով Ղուկասի Ավետարանում հիշվող Քրիստոսի խոսքերը. «Վայ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք» (6.25): Սա համապատասխանում է Մատթեոսի Ավետարանի խոսքին. «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (5.4): Ծիծաղելու մասին խոսքը նախ և առաջ վերաբերում է մեղավոր իրողություններում, դատարկաբանություններում զվարճանքին, իսկ սգալու վերաբերյալ երանին առնչվում է մեղքերի համար սգալով ու ապաշխարելով սրբվելու և հոգևոր ուրախություն գտնելու հաստատմանը:

Քրիստոսի արտասվելուն անդրադարձը վերաբերում է նաև խաչելությունից առաջ Գեթսեմանիի պարտեզում Տիրոջ աղոթքին, երբ Նա կարծես վախեցավ ահավոր տառապալի մահից ու ասաց. «Հա՛յր Իմ, եթե կարելի է, այս բաժակը թող Ինձնից հեռու անցնի» (Մատթ. 26.39): Սակայն եթե Քրիստոս չցանկանար այդ մահով մեռնել, Իրեն չէր համեմատի Հովնան մարգարեի հետ (Մատթ. 12.39-40, 16.4, Ղուկ. 11.29-30), աշակերտներին չէր ասի, որ մեռնելու և հարություն էր առնելու (Մատթ. 16.21, Մարկ. 8.31, Ղուկ. 9.22), նաև Իրեն չէր համեմատի անապատում բարձրացված օձի հետ (Հովհ. 3.14):

Այլ ինչպես Քրիստոս քաղցեց, ծարավեց, հոգնեց ու արտասվեց, նույն կերպ և մարդկայնորեն վախեցավ մեռնելուց` ցույց տալով իր մարդկային ճշմարիտ բնությունը, որովհետև մարդուն հատուկ է մահից վախենալը: Սակայն հենց այս արարքով Քրիստոս դարձյալ վարվեց Ադամի անհնազանդությանը հակառակ: Ադամը մերժեց Աստծո կամքը և կատարեց սատանայի կամքը, մինչդեռ Քրիստոս մերժեց մարմնի կամքը` հաստատելու համար մարմնի Արարչի կամքը: