ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԵՍ ԷԼ ՔՈ ՀԵՏԵՎԻՑ ԿԳԱՄ

Հիսուս Իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց մյուս կողմ գնալ: Եվ մի օրենսգետ, մոտենալով, ասաց Նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս»: ­Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ Իր գլուխը դնի» (Մատթ. 8.18-20):

Քրիստոս արգելում է օրենսգետին Իր հետևից գնալ, քանի որ օրենսգետին ավելի հետաքրքրում էր ոչ թե հավատքը, այլ նյութականը: Այդ պատճառով Քրիստոս նրան «նենգավոր» և «բանսարկու» կոչեց, ինչը երևում է հետևյալ բացատրությամբ:

«Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները` բույն, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ Իր գլուխը դնի»: «Աղվես» բառով Տերը նկատի ուներ նենգավորությունը, ինչպես Ղուկասի մոտ է ասում. «Գնացեք, ասացեք այն աղվեսին (Հերովդեսին) (Ղուկ. 13.31), իսկ «թռչուն» բառով նկատի ուներ բանսարկուին, որը երևում է սերմնացանի առակից (Մատթ. 13.4):

Քրիստոս ասաց, որ մարդու Որդին տեղ չունի Իր գլուխը դնելու: Սրանով ցույց է տալիս, ինչպես նշում է Եփրեմ Ասորին, որ նենգավորները և բանսարկուին հետևողներն իրենց սրտերն այնքան են լցրել սեփական անձի և նյութականի մասին մտածումներով, որ մարդու Որդին այնտեղ նույնիսկ Իր գլուխը դնելու տեղ չունի: