ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է, ՈՐ ՈՒՂՏԸ ԱՍԵՂԻ ԾԱԿԻՑ ԱՆՑՆԻ, ՔԱՆ ԹԵ ՄԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆԻ

Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի (Մատթ. 19.24, Մարկ. 10.25, Ղուկ. 18.25): Քրիստոսի առաքյալների համար այս խոսքը հանկարծակի և տարօրինակ թվաց, որովհետև նրանք թեև գիտեին հատկապես հարուստներին բնորոշ ընչաքաղց բարքը, սակայն չէին պատկերացնում, որ ունեցվածքը կարող է ընդհանրապես արգելք լինել փրկության համար:

Բայց Քրիստոս այստեղ հիմնականում խոսում է անողորմ, անգութ ու եսասեր հարուստների մասին, ովքեր իրենց կողքին ունենալով նաև աղքատ ու կարիքավոր բազում ազգակիցներ, առանց մտոհոգությունների վայելում են իրենց հարստությունը, այլոց քաղցած հայացքների ներքո իրենց մեծ շռայլություններ ու վայելքներ են թույլ տալիս: Ցավոք, այս պատկերը իրական է նաև մեր երկրում:

Ավետարանը հայտնում է, որ երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամեն ինչ կարելի է»:

Աշխարհաբար Նոր Կտակարանի այս հատվածում «ուղտ» բառի փոխարեն գործածված է «պարան» բառը: Համատես Ավետարանների հունարեն ձեռագրերում` այս հատվածում, գործածված է «κάμηλος – կամիլոս – ուղտ» բառը։ Սակայն կան որոշ ձեռագրեր, որոնցում հանդիպում է այս բառի գրության նման մեկ այլ հունարեն բառի գործածում, որը նշանակում է նավի համար նախատեսված հաստ պարան։ Այստեղից էլ հասկանալի է դառնում երբեմն նաև «պարան» բառի գործածությունը Քրիստոսի այս խոսքերում։

Ստեփանոս Սյունեցին հայտնում է, որ հունարենում «պարանի» փոխարեն գրված է «ուղտ», որը վատ գործերով խեղաթյուրվածներին ու կորուսյալներին է խորհրդանշում։ Այսպիսիները ապաշխարությամբ ավելի հեշտ կմտնեն Արքայություն, քան շահամոլ հարուստները։ Որոշ մեկնիչներ ասվածը պարզապես Թալմուդում գործածվող ասացվածք են համարել, որն օգտագործվում էր մի գործի դժվարությունը ցույց տալու համար։ Սակայն Թալմուդում ուղտի փոխարեն «փիղ» բառն է օգտագործված։ Նման ասացվածք կա նաև Հնդկաստանում։ Այսպիսի արտահայտություն հանդիպում է նաև Ղուրանում, բայց այստեղ ավետարանական հատվածի նման խոսքը վերաբերում է ուղտին։

Սխալ է հնում առաջացած այն կարծիքը, որ այստեղ «պարան» բառի գործածությունն է ավելի տրամաբանական, այդ իսկ պատճառով «ուղտ» բառը «պարան» բառով փոխելը ճշգրիտ չէ, որովհետև հատկապես տվյալ գրությամբ ու նեղ իմաստով բառն այնքան հազվադեպ է գործածական հունարենում, որ հանդիպում է միայն հունարեն մեծ բառարաններում։ Գրաբար Նոր Կտակարանի այս հատվածում մեր թարգմանիչ վարդապետները իմաստությամբ օգտագործել են ոչ թե «ուղտ» կամ «պարան» բառերը, այլ՝ «մալուխ» բառը: Ստեփանոս Սյունեցին ճիշտ է նշում, որ հունարերում «ուղտ» բառն է օգտագործված, սակայն գրաբարյան «մալուխ» բառի օգտագործումը բավականին տեղին է, որովհետև այն նշանակում է հաստ պարան, բայց նաև «ուղտի» իմաստն ունի, քանի որ արաբացիները ուղտին մալուխ են կոչում (Հայկազյան բառարան, 1836, էջ 189): Այսպիսով, գրաբարյան հիանալի արտահայտչաձևով այն միաժամանակ և՛ կարող է տրամաբանորեն հաստ պարանի իմաստով հասկացվել՝ ասեղ թելելու և պարանով այդ գործողության անհնարինությունը նշելու համար, ինչպես և «ուղտ» բառի հասկացությունն արտահայտել՝ համաձայն հրեական ասացվածքի:

Արդյո՞ք Քրիստոս սրանով ուզում էր ասել, որ հարուստների համար ընդհանրապես անհնար է Երկնքի արքայություն մտնել։ Բայց չէ՞ որ Աբրահամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով (Ծննդ. 13.2), բայց դա, Քրիստոսի խոսքերի համաձայն, արգելք չեղավ, որպեսզի նա Աստծո արքայության մեջ լինի (Ղուկ. 13.28, 16.22, 23, 26, Հովհ. 8.56)։

Նոր Կտակարանը առաջին տեղում դնում է ծառայությունը Աստծուն, որի արդյունքը կարող է լինել նաև արտաքին բարիքներից օգտվելը (Մատթ. 6.33)։ Սակայն այն հարուստը, ով առաջին տեղում է դնում մամոնային ծառայելը և միայն վերջին տեղում` Աստծուն ծառայությունը կամ ընդհանրապես հեռու է լինում դրանից, շատ դժվարությամբ Արքայության ժառանգորդ կդառնա։