ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Դաժանությունների ու վայրագությունների հոգեբանական պատճառների վերաբերյալ անցյալ դարի երկրորդ կեսերից կատարվել են լուրջ ուսումնասիրություններ: Նման փորձարկումների մեկնարկը տվեց Յեյլի համալսարանի հոգեբաններից Սթենլի Միլգրամը, ով իր ուսումնասիրության արդյունքները հրապարակեց 1963 թ. մի հոդվածով, այնուհետ` 1974 թ. «Հնազանդություն իշխանությանը. փորձարարական ուսումնասիրություն» վերնագրով գրքում:

Ուսումնասիրության առիթներից մեկը դարձավ միլիոնավոր հրեաների ոչնչացման մեջ գլխավոր դերակատարում ունեցած Ադոլֆ Էյքմանի դատավարությունը Երուսաղեմում: Վերոնշյալ հոգեբանական ուսումնասիրության ձեռնարկումը միտված էր նաև պատասխանելու այն ժամանակ շրջանառվող հարցին, թե արդյո՞ք Էյքմանը և նրա բազմաթիվ մեղսակիցները Հոլոքոստի ընթացքում պարզապես միայն հրամաններ կատարողներ էին: Էյքմանը պնդում էր, որ մեղավոր է ռազմագերիների համար փոխադրամիջոցների կարգադրություններ կատարելու մեջ, բայց հետևանքների համար մեղավոր չէ, քանի որ ինքը պարզապես իրեն տրված հրահանգներն է կատարել: Մահապատժի ենթարկվելիս Էյքմանի վերջին խոսքերն էին. «Ես մեռնում եմ` հավատալով Աստծուն»:

Իր փորձարկման մեջ Միլգրամը ցանկանում էր պարզել, թե սովորական մարդիկ որքա՞ն չարչարանքներ են պատրաստ պատճառելու այլ, բոլորովին անմեղ մարդկանց, եթե դա նրանց աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում: Գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, որ մարդկանց գիտակցության մեջ խորապես արմատավորված է իշխանություններին հնազանդությունը, որով հիշյալ փորձարկման ենթարկվողները շարունակում էին կատարել տանջանքներ պատճառելու հրահանգները:

Նախքան այս ուսումնասիրությունն սկսելը Միլգրամն այն նկարագրել էր տարբեր հոգեբանների, մասնագետների` իմանալու նրանց ենթադրությունը արդյունքների մասին: Բոլորը կանխատեսել էին, որ չնչին տոկոս կկազմեն այն մարդիկ, ովքեր կյանքի համար լրջագույն վտանգ նկատելով կշարունակեն գիտափորձը: Բայց արդյունքները բավականին անսպասելի եղան: Գիտափորձն անցնողների մեծամասնությունը` 65 տոկոսը, մինչև վերջ շարունակեց հոսանքահարումը` բարեխղճորեն ենթարկվելով գիտափորձի պատասխանատուի ցուցումներին ու հրահանգներին: Միլգրամի գիտափորձը կրկնվեց տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում, և ամեն անգամ էլ նույն արդյունքն արձանագրվեց: Փորձարկման տվյալների հիման վրա Միլգրամը 1974 թ. գրեց «Հնազանդության վտանգները» գիտական հոդվածը:

Միլգրամը երկու եզրահանգում արեց: Առաջինը կոնֆորմիզմի` հարմարվողականության տեսությունն է, ըստ որի` խմբի և անհատի հարաբերություններում թուլակամ անհատը հակվում է խմբի, իշխանության կարծիքներին և ենթարկվում, համաձայնում դրա որոշումներին: Ըստ երկրորդ եզրահանգման` հնազանդությամբ անձն իրեն դիտարկում է պարզապես գործիք այլ հեղինակավոր, իշխանավոր անձերի կամքի ու ցանկությունների` իրեն պատասխանատու չհամարելով իր գործողությունների համար:

Բավականին ուշագրավ եղավ նաև Սթենֆորդի համալսարանում հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի կողմից իրականացված բանտային գիտափորձը: Բանտային պայմաններում գտնվող կամավոր փորձարկվողները, որոնք չունեին դատվածություն և հոգեբանական շեղումներ, բաժանվեցին բանտարկյալների և բանտապանների խմբերի: Փորձարկվողները շատ արագ մտան իրենց դերի մեջ: Բանտապաններն արդեն երկրորդ օրվանից սկսած ցուցաբերեցին արտահայտված սադիստական վարքագիծ` չարչարելով, ստորացնելով բանտարկյալներին, որոնք ընկան ճնշվածության, հուսահատության վիճակի մեջ: Իրադրությունն այն աստիճան սրվեց, որ վեցերորդ օրը որոշում կայացվեց անմիջապես դադարեցնել փորձարկումը: Գիտափորձն ի ցույց դրեց իրավիճակի և դերակատարման ազդեցությունն ու գերիշխանությունը մարդու անհատական առանձնահատկությունների, վարքագծի, հոգեբանական վիճակի վրա:

Ֆիլիպ Զիմբարդոն իր գիտափորձի և դրանից բխող եզրահանգումների մասին գրեց «Լյուցիֆերի ներգործությունը» վերնագրով գրքում: Այս գրքում Զիմբարդոն, հիմնվելով իր ստացած արդյունքների վրա, ենթադրում է, որ մարդը չի կարող բնորոշվել բարի կամ չար, որովհետև ունակ է երկու ձևով էլ գործելու հատկապես իրավիճակի բերումով: Գրքի վերնագիրն արդեն ներամփոփում է ողջ ասելիքը այլաբանական իմաստով` որպես հղում սուրբգրական պատմությանը և ավանդությանը ամենապայծառ հրեշտակի` Արուսյակի (լատ.` Lucifer) սատանայի վերածվելու մասին (Եսայի 14.12, Ղուկ. 10.18): Կատարված ուսումնասիրությունների համաձայն` մարդուն չար վարքագծի ու վարվելակերպի հակող մի քանի պայմաններ կան: Դրանք են` մեկ այլ անձի ապամարդկայնացումը, անհատականությունից զուրկ ընկալումը, անձնական պատասխանատվությունից ձերբազատումը, իշխանությանը կույր հնազանդությունը, խմբի կասկածելի տեսակետների, կարծիքների հետ անքննադատ համաձայնումը:

Չարիքի խնդրին անդրադարձած մեկ այլ գրող` Սիմոն Վիզենտալը, 1988 թ. հրատարակված «Արդարադատություն, ոչ վրեժխնդրություն» վերնագրով գրքում ասում է. «Մենք արդեն գիտենք, որ մարդ կարիք չունի լինելու մոլեռանդ, սադիստ կամ մտավոր հիվանդ` միլիոնների սպանելու համար. բավական է հավատարիմ հետևորդ լինել` նախանձախնդրորեն կատարելու սեփական պարտականությունը»: Ֆիլիպ Զիմբարդոյի Ստենֆորդի բանտային գիտափորձի օրինակով և «Լյուցիֆերի էֆեկտի» եզրահանգումներով բացատրվեց Իրաքի Աբու Գրեյբ բանտում 2003 թ. ամերիկյան բանտապանների հոգեբանական վիճակը բանտարկյալների նկատմամբ կատարված խոշտանգումների, ստորացումների, նվաստացումների, ճնշումների և բռնությունների սոսկալի գործողություններում:

Այսպիսով, սոցիալական դերը, իրավիճակային պայմանները մեծապես ազդում են անձի վարքագծի վրա: Այս մասին է խոսում նաև աստվածաշնչյան իմաստունը, երբ ասում է. «Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բավական է: Չլինի թե հարստանամ և ուրանամ Քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակ. 30.8-9): Բռնություն գործադրելու մեջ մարդու վարվելակեպի վրա արտաքին գործոններն ազդում են մանավանդ այն դեպքում, երբ առկա է սեփական պատասխանատվությունից թոթափում, այլ մարդու կամ մարդկանց ապանձնավորում, իշխանությանը հնազանդություն` անգամ ոճրագործ հրահանգների կատարումով, ինչը խթանում է վայրագության ու դաժանության դրսևորումը: Դա պատահում է, երբ գաղափարը, միտքը, շահն ավելի վեր են համարվում մարդուց, որի չարչարանքները ստորադասվում են այդ ամենին:

Բռնություն գործադրողն իշխանության և տանջվողի միջև ընտրում է իշխանության ցուցումը` իրեն նկատելով պարզապես պարտականություն կատարող, պատասխանատվությունից ազատ` պատասխանատվության կրող նկատելով միայն իշխանությանը: Սրանով կարելի է բացատրել նաև խաղաղ ցույցերի ժամանակ դրանք ցրելու նպատակով ցուցարարներին ոստիկանների կողմից հասցվող ցավերն ու վնասվածքները, գետնի վրայով քարշ տալը, բռնի կերպով ոստիկանական մեքենա նստեցնելը և նման այլ արարքները: Անձին պատճառվող վնասի համար հրաման իրականացող բռնարարը խղճի խայթ չի զգում, քանզի խղճի խայթը կամ գիտակցումը մեծապես կապված է անձնական պատասխանատվության զգացման հետ, ինչն այս պարագայում բացակայում է: Սակայն որևէ ցեղի նկարագրի մեջ մտնող թալանի ու բռնության ավանդույթները, որոնք ոճրագործ ու վայրագ ժողովրդի հատկություններն են համարվում, առավել բազմապատկում են վերոշարադրյալ հոգեբանական վիճակների, գործոնների ու համապատասխան պայմանների ներքո կատարվող խոշտանգումներն ու դաժանությունները կոտորածների և մանավանդ ցեղասպանության դեպքում: