ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում:

Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և տեսավ, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց արարչագործությունը (Ծննդ. 2.17, 3.1-19): Մեղքի հակումը հաստատվեց մարդու մեջ և տարածվեց մարդկային սերունդների վրա: Չարի, մեղքի ազդեցությամբ և ազատ կամքով սխալ ճանապարհի ընտրությամբ մարդկանց միջև հակամարտություն և մարդասպանություն կատարվեց: Կայենը սպանեց իր եղբայր Աբելին (Ծննդ. 4.8):

Մարդկության՝ մեկ նախահորից առաջացած լինելը, ապա ջրհեղեղից հետո արդար Նոյի սերունդներից մարդկության գոյության շարունակությունը (Ծննդ. 9.19) եղբայրության գաղափարն է հաստատում մարդկանց ու ժողովուրդների միջև: Այս իմաստով պատերազմներն ու հակառակորդների` միմյանց սպանելը եղբայրասպանություն է: Բայց մարդասպաններ չեն համարվում նրանք, ովքեր պատերազմի ժամանակ սպանություն են գործել հայրենիքի, մարդկանց, սրբազան արժեքների պաշտպանության նպատակով, քանզի նրանց նպատակը ոչ թե սպանությունն է, այլ պաշտպանությունը: Մտադրությունն է բնորոշում արարքը:

Պատերազմը աղետ է և չարիք: Դա չարի` սատանայի դրդմամբ մեղսագործության հետևանք է, ա՛յն չարի, որի մասին Փրկիչն ասում է. «նա ի սկզբանե մարդասպան էր» (Հովհ. 8.44): Քրիստոս խաչի վրա Իր մահվամբ և փառավոր Հարությամբ պարտության մատնեց չարին, շնորհները տվեց մեղքին հաղթելու: Սակայն Աստծո կամքին հակառակ ընթացողները սատանայի ազդեցության տակ են այս աշխարհում: Նրանց վրա իշխում է չարը: Դրա համար էլ Հովհաննես Ավետարանիչը սատանային կոչում է այս աշխարհի իշխան (Հովհ. 12.31, 16.11) և իր թղթում ասում է. «Ամբողջ աշխարհը չարի մեջ է» (Ա Հովհ. 5.19):

Քրիստոս որոմների մասին առակով և դրա մեկնությամբ շեշտում է այս իրողությունը. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. և թշնամին, որ այն ցանեց, սատանան է» (Մատթ. 13.37-39):

Եթե մեղսագործությունների և հատկապես պատերազմների պատճառը նաև ազատ կամքն է, որով կատարվում է չարին գործակից լինելու ընտրությունը, ինչո՞ւ Աստված չի խափանում ազատ կամքը և թույլ է տալիս մանավանդ պատերազմների և դրանց բերած թշվառությունների պատահումը:

Ազատ կամքով է նաև կայանում մարդու աստվածանմանությունը: Ի սկզբանե մարդն այդպես է ստեղծված` ըստ Աստծո պատկերի և նմանության (Ծննդ. 1.26-27): Ազատ կամքով է մարդն ընկալում բարիքը: Պարտադրանքը կամ անգիտակից վիճակն ի զորու չէ արժևորելու շնորհված պարգևներն ու բարերարությունները: Ազատ ընտրությամբ է մարդն արժանի լինում նաև հավիտենական կյանքի:

Ուրեմն, ազատ կամքի վերացումը կնշանակեր անիմաստ դարձնել աստվածաշնորհ բարիքները, մարդուն վերածել ինչ-որ ծրագրով աշխատող անկամ մեքենայի: Չարիք գործողների կամքը ևս Աստված չի խափանում, որովհետև նրանցից նաև զղջման ու ապաշխարության ճանապարհի միջոցով սրբեր են ելնում, ինչպիսի օրինակներ որ կան Սուրբ Գրքում և վարքագրություններում:

Աստված չի ցանկանում չարիք, պատերազմներ: Սակայն դրանց պատահելը թույլ է տալիս, որովհետև անգամ նմանատիպ իրողություններից բարիք է վեր հանում: Հավատքի համար նահատակություններով սրբանում են մարդիկ, նեղությունների ժամանակ զրկանքներ ու չարչարանքներ կրելով` մաքրվում են գործած մեղքերից, ավելանում են հավիտենության մեջ փառքն ու պսակը:

Պատերազմները նաև խրատ են որոշ ժողովուրդներին: Այս կարծիքն է արտահայտում Սուրբ Բարսեղ Կեսարացին` ասելով. «Աստված պատերազմներով պատիժներ է ուղարկում պատժի արժանիներին»: Բարսեղ Կեսարացին Սուրբ Գրքից և պատմությունից օրինակներ է բերում Սոդոմի ու Գոմորի կործանումը (Ծննդ. 19.23-25) և Քրիստոսի խաչելությունից հետո Երուսաղեմի կործանումն ու հրեական տաճարի ամայացումը:

Սուրբ Գրքի հորդորն է ազատ կամքը ճիշտ օգտագործել, չարիքների պատճառ չդառնալ: Քրիստոս ասում է. «Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը` լավ պտուղ տալ» (Մատթ. 7.18), «սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ….» (Մատթ. 15.19), «բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ» (Մատթ. 12.35):

Կարդալ նաև`