ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԻ ՍՊԱՆԻՐ ՊԱՏՎԻՐԱՆԸ

Հին Կտակարանում Աստծո կողմից տրված տասը պատվիրաններից վեցերորդն ասում է` մի՛ սպանիր (Ելք 20.13): Պատերազմների ժամանակ անգամ պաշտպանության համար իրականացվող գործողություններում հնարավոր չէ այս պատվիրանը չխախտել: Ստացվում է, որ նույնիսկ հարձակվողներից պաշտապանվողնե՞րն են Աստծո կամքին հակառակ գնում: Ինչպե՞ս է Եկեղեցին բացատրում այս հանգամանքը:

Աստված է կյանք պարգևողը և միայն Նա կարող է այդ կյանքը ետ վերցնել: Տասնաբանյա պատվիրաններից վեցերորդն արգելում է մարդու կյանքի վրա ձեռք բարձրացնել (Ելք 20.13): Սակայն եկեղեցական հեղինակներն ուսուցանել են, որ պատերազմների ժամանակ «մի՛ սպանիր» պատվիրանը չեն խախտում նրանք, ովքեր պատերազմում են Աստծո լիազորությամբ կամ Նրա օրենքների համաձայն:

Քրիստոնեական վաղ շրջանի եկեղեցական ակնառու հեղինակներից այսպես է բացատրել մասնավորապես Օգոստինոսը «Աստծո քաղաքի մասին» իր աշխատության մեջ: Մեր հայ եկեղեցական հեղինակներից սուրբ Եղիշե պատմիչը ոչ միայն Սուրբ Գրքի տեսական մեկնաբանությամբ, այլև մեր պատմության մեջ ծավալված պատերազմական իրադարձությունների նկարագրությամբ է պատասխան տվել այս հարցին:

451 թ. Վարդանանց պատերազմը նկարագրող պատմիչը հիշատակում է, որ Սուրբ Ղևոնդ Երեցը հավատքի և հայրենիքի պաշտպանության համար պայքարի ելած հայորդիներին քաջալերում է Սուրբ Գրքից վկայակոչումներով` ոգեշնչելով ժողովրդի, սրբությունների հանդեպ նախանձախնդրությամբ գործած անձանց օրինակներով, ովքեր գովեստի են արժանի:

Մովսեսը սպանեց եգիպտացուն, և նրա կողմից դրսևորված նախանձախնդրության համար Աստված նրան ժողովրդի առաջնորդ կարգեց (Ելք 2.12-14, 3.2-12): Փենեես քահանան սպանությամբ վերացրեց պղծությունը ժողովրդի միջից, և Աստված նրա սերուդների քահանայությունը հաստատեց (Թվ. 25.6-13): Եղիա մարգարեն, արդար նախանձախնդրությամբ, կռապաշտների ոչնչացրեց և այնուհետ հրեղեն կառքով երկինք համբարձվեց (Գ Թագ. 18.37-40, Դ Թագ. 2.11): Դավիթն իր մանկության ժամանակ քարով սպանեց հսկա Գողիաթին` պատերազմից ու դրա արհավիրքներից փրկելով իր ժողովրդին, և Աստծո կողմից Իսրայելի թագավոր կարգվեց, Աստծո Որդու հայր անվանվեց (Ա Թագ. 17.4-10, 40-52, Բ Թագ. 5.3-4, Մատթ. 1.1, 9.27, 12.23, 15.22, 20.30-31, 21.9, 15, 22.42, Մարկ. 10.47-48, 12.35, Ղուկ. 1.32, 69, 18.38, Հովհ. 7.42):

Պաշտպանության համար պատերազմելը համարվում է Քրիստոսի պատվիրանի կատարում. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):