ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

Պատերազմական հանգամանքներում թշնամու դեմ ելնող քրիստոնյա մարդը մարդկային կյանքի գերագույն արժեքի, մարդու` աստվածային պատկերով ստեղծված լինելու գիտակցությամբ գուցե դժվարություն, ներքին մտատանջություն ունենա իր գործողությունների կատարման պահին: Ի՞նչ խորհուրդ է տալիս Եկեղեցին թշնամու հետ վարվելու կերպի վերաբերյալ:

Ռուս Եկեղեցու սոցիալական հայեցակարգում նշվում է, որ եկեղեցական պատկերագրության մեջ Սուրբ Գևորգ զորավարը պատկերվում է ճերմակ ձիով, որի սմբակների տակ պարտված սև վիշապն է: Գույների այս հակադրությունը և զատորոշումն այն խորհուրդն է հաղորդում, որ չարիքը և դրա դեմ պայքարը պետք է միանգամայն տարբերակված լինեն, քանի որ մեծապես կարևոր է մեղքի դեմ պայքարելով` չհաղորդակցվել դրան: Մարդու սիրտը չպետք է հայտնվի մերժելի զգացումների իշխանության, որևէ մեկի նվաստացման կամ կործանման ցանկության ներքո:

Պատերազմի` սխրանք կամ ավազակային գործողություն լինելը երևում է պատերազմողների բարոյական վիճակի և արարքների դիտարկումով: Այդ իրողության սուրբգրական հիմնավորման համար Ռուս Ուղղափառ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը մեջբերում է կատարում Սիրաքի գրքից. «Մի՛ ուրախացիր մարդու մահվան համար, թեկուզ նա լինի առավել թշնամական քո հանդեպ. հիշի՛ր, որ մենք բոլորս մեռնելու ենք» (Սիրաք 8.8): Սիրաքի գրքի այս խոսքերը, սակայն, չկան հայերեն Աստվածաշնչում: Բայց Առակաց գիրքն ասում է. «Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր նրան, և եթե սայթաքի, ամբարտավանությամբ մի՛ վարվիր նրա հետ, քանզի Տերը կտեսնի և դա հաճո չի լինի Նրան, և Իր բարկությունը կհեռացնի նրանից» (24.17-18):

Պատերազմի մեջ թշնամուն պարտության մատնելու դեպքում պետք է ուրախանալ ոչ թե մարդու, մարդկային կյանքի ոչնչացման համար, այլ բարու և արդարության հաղթանակի համար: Այստեղ մտադրության, ներքին դիրքորոշման տարբերություն կա, որով արտահայտվում է մարդու հավատքը, արժեհամակարգը, չարիքի կամ բարիքի կողմը հակված լինելը:

Սուրբ Գրքով առաջնորդվելու նախանձախնդրությամբ հրեաները մեծապես կարևորում են Առակաց գրքի վերոնշյալ խոսքերը: Թեև հրեական պատմության մեջ շատ հաղթանակներ են նաև արձանագրված, այդուամենայնիվ, հրեաները հաղթանակի տոն չունեն: Պասեքը, օրինակ, եգիպտական գերությունից ելքի ու ազատության տոնն է և ոչ թե եգիպտացիների հանդեպ իսրայելցիների հաղթանակի տոնը:

Դեռ ավելին, Պասեքի գիշերը գինու բաժակ բարձրացնելով և ուրախանալով ստրկությունից ազատվելու համար` հրեաները, այնուամենայնիվ, տասը կաթիլ են հեղում` ի հիշատակ նրանց ստրկացնողներին` եգիպտացիներին պատուհասած տասը հարվածների (Ելք 7.14-11.10): Դրանով հրեաները ցավ են հայտնում նաև եգիպտացիների զոհվելու առիթով, ովքեր հետապնդեցին նրանց և խեղդվեցին Կարմիր ծովի ջրերում:

Ըստ հրեական Թալմուդի` իրավական և կրոնական-բարոյական դրույթների բազմահատոր հավաքածուի, երբ հրեաներին հետապնդող եգիպտացիները խեղդվեցին Կարմիր ծովում, հրեշտակները ցանկացան գովաբանական երգ երգել` Արարչի արդարությանը նվիրված: Սակայն Բարձրյալն ասաց նրանց. «Իմ արարածները խեղդվում են ծովում, իսկ դուք ուզում եք գովաբանությո՞ւն երգել»: Սա դատապարտում է նրանց, ովքեր ուրախանում են թշնամու կործանման համար:

Իսկ հակառակորդ կողմից վիրավորների և գերիների հանդեպ քրիստոնյաների վերաբերմունքը հիմնված է Հին ու Նոր Կտակարանների ուսուցման, Առակաց գրքի և Պողոս առաքյալի խոսքերի վրա. «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և եթե` ծարավ, ջո՛ւր տուր նրան. այս անելով` կրակի կայծեր կկուտակես նրա գլխին: Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Առակ. 25.21-22, Հռ. 12.20-21):