ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հնարավո՞ր է պաշտպանվել ու խուսափել փորձություններից:

Աստծո կամքի կատարումը հեռացնում է այն փորձությունները, որոնք կարող էին լինել Աստծո թույլտվությամբ` աստվածահաճո կյանքով ապրելու համար իբրև խրատ: Սակայն չարը մշտապես հարձակվում է մարդկանց, հատկապես բարեպաշտ, հավատավոր կյանքով ապրողների վրա` ցանկանալով, որ մարդիկ շեղվեն հավատքից, հոգևոր օգուտներ չստանան և դժոխքի դատապարտվեն:

Պողոս առաքյալը հավատացյալներին հորդորում է հագնել հոգևոր սպառազինությունը (Եփ. 6.11)` ցույց տալով, որ մենք միշտ պատերազմի մեջ ենք գտնվում չարի հետ և պետք է զինվենք հավատքի զենքերով` չարին պարտության մատնելու համար: Քանի դեռ ապրում ենք երկրային կյանքում, չարի փորձությունները միշտ հետևելու են մեզ, և մենք պետք է աչալուրջ լինենք:

Այդ փորձությունները գալիս են առավելաբար մեղսալի մտքերի տեսքով, և Քրիստոս նույնպես խոսելով շնության մասին` սովորեցրեց, որ մեղքերը սկիզբ են առնում ոչ թե արարքներից, այլ մտքերից (Մատթ. 5.27-28): Իհարկե, մտքերը կարող են նաև մարդունը լինել, եթե նա իր համար վճռել է ապրել մեղսալի կենսակերպով, սակայն մեծ մասամբ վատ մտքերը եկեղեցական հեղինակների մոտ կոչվում են եկամուտ մտքեր, այսինքն` դրսից եկած և մարդու մտածողության մեջ ներթափանցած մտքեր, որոնք փորձում են մարդուն ներքաշել վատ արարքների մեջ:

Հավատացյալները հաճախ ընկճվում ու սրտնեղում են, որ իրենք ապրում են բարեպաշտորեն, սակայն ոչ պատշաճ, նաև անբարո, չար մտքեր են ունենում: Պետք է իմանալ, որ այդ մտքերը հաճախ մարդուն չեն պատկանում և դրանք գալիս են չարի կողմից:

Հետևաբար, պետք չէ սրտնեղել, այլ վճռականությամբ անմիջապես մերժել այդ մտքերը և առաջնորդվել աստվածային պատվիրաններով: Այլապես նման մտքերն ընդունելը և դրանց համաձայնվելը վատ հետևանքների կարող է բերել:

Ուրեմն, այսպիսի և այլ փորձություններ` չարի հարձակումներ միշտ լինելու են, և պետք է զինվենք հավատքի սպառազինությամբ այս պատերազմում հաղթելու համար: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ նաև մարդիկ են իրենք իրենց փորձությունների մատնում: Ոսկեբերանի ցույց տված մի օրինակով` նրանք, ովքեր սիրում են գեղեցիկ դեմքերի նայել, հաճախ իրենք են իրենց մեջ կրքի կրակ բորբոքում և դրանից այրվում: Այսպիսով, պետք է պայքարել չարի հաճախակի փորձությունների դեմ և անձնապես փորձությունների պատճառ չդառնալ: