ՊԱՅՔԱՐ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Այսօր աշխարհում բազմաթիվ մարդիկ ապրում են նեղության մեջ: Մի շարք հաստատություններ, միջազգային կազմակերպություններ աղքատության դեմ պայքարելու համար մշակում են ծրագրեր` սրա հիմնական պատճառ համարելով սոցիալական, տնտեսական ինչ-ինչ նախապայմաններ։ Այս խնդրին անդրադառնում է նաև Սուրբ Գիրքը, բայց ի տարբերություն աշխարհիկ կերպով մտածողների, Աստվածաշունչը մարդկային աղքատության հիմնական պատճառներից մեկը համարում է նաև մարդու կրոնաբարոյական անկյալ վիճակը, որի վերահաստատման դեպքում մարդը կարող է հաղթահարել և ետևում թողնել նեղությունները։

Շատ մարդիկ նեղության մեջ են ոչ միայն քաղաքում, այլ նաև գյուղերում, որտեղ բնակիչները մեծ սեփականություններ, հողատարածքներ ունեն, սակայն հաճախ ջրի պակասության, կարկտահարության և այլ պատճառներով չեն կարողանում իրենց ցանկալի արդյունքը ունենալ և դարձյալ նեղության են մատնվում։ Աստված մարգարեի միջոցով շատ գեղեցիկ խոստումներ և միևնույն ժամանակ խիստ սպառնալիքներ տվեց մարդկությանը` ասելով. «Եթե լսեք մեր Տեր Աստծու ասածները, Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը` երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին, կօրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի: Իսկ եթե չլսես քո Տեր Աստծու ասածը` չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ: Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ` դաշտում: Անիծյալ կլինեն քո շտեմարաններն ու քո ամբարները: Տերը քեզ աղքատ ու կարիքավոր կդարձնի և ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անհաջողության կմատնի» (Բ Օր. 28.1, 12, 15-17, 20):

Երբ հրեաները դուրս եկան Եգիպտոսից, աստիճանաբար սկսեցին երես դարձնել Աստծուց, տրտնջալ և ասել, որ Եգիպտոսում թեկուզ գերության մեջ էին, բայց կուշտ էին, միս էին ուտում, մինչդեռ հիմա սոված են (Ելք 16.2): Լսելով այս տրտունջը` Աստված բազմաթիվ լորամարգիներ ուղարկեց (Ելք 16.13), և հրեաներն այնպես  շռայլությամբ ապրեցին, որ բազմաթիվ մարդիկ իրենց այդ ապրելակերպի պատճառով մեռան և գերեզման մտան։ Եվ հրեաներն այդ վայրը կոչեցին Ցանկության գերեզմաններ (Թվեր 11.31-33), որովհետև բազում մարդիկ իրենց կյանքում կարևորեցին առաջին հերթին ոչ թե Աստծուն, այլ իրենց մարմնական և նյութական կարիքների գոհացումը, ինչի պատճառով էլ մեռան։

Աստված մեզ նեղությունների է մատնում մեր իսկ օգտի համար, որոնցով ցանկանում է մեզ հասկացնել, որ սխալ է մեր կյանքի ու մտածելակերպի ընթացքը, կամ էլ մի նեղությամբ մեզ փրկում է շատ ավելի մեծ դժբախտություններից։ Սա է ցույց տալիս նաև բնության գեղեցիկ օրինակը։ Այգեգործը հաճախ չի թողնում, որ ծառը փարթամությամբ աճի, այլ էտում է ծառի ճյուղերը, նրան զրկում փարթամ աճումից, ճոխությունից, որպեսզի դրանով ծառի համար հետագայում ավելի շատ բերքատվություն և ավելի երկար կյանք ապահովի։

Երբ հրեաները աստիճանաբար երես դարձրին Աստծուց, նրանց երկիրը կորցրեց պտղաբերությունը, իրենք զրկվեցին իրենց վայելած ապահովությունից ու խաղաղությունից։ Ներկայիս Իսրայելի և Պաղեստինի տարածքը, որ մի ժամանակ կաթ ու մեղր բխեցնող երկիր էր (Ելք 3.8, 17; 13.5; 33.3), պայթում էր բերքի առատությունից ու լիությունից, այժմ դարձել է նաև մի անհանգիստ վայր և պատերազմների ու կռիվների թատերաբեմ։ Չնայած որ որևէ երկրում աղքատության համար պատասխանատու են նաև այդ երիրի ղեկավարները` պետության տնտեսությունը զորացնելու գործում թերացումների և գուցե զանցանքների ու հանցանքների համար, սակայն նաև յուրաքանչյուրիս կյանքում իրականանում են Աստծո խոստումներն ու սպառնալիքները` կախված նրանից, թե մենք որքանով ենք իրագործում աստվածային պատվիրանները։