ՊԱՀՔ. ՄՏԱԾՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Պահքը ապաշխարության ու զղջումի, ներումի, հոգևորը և Քրիստոսի պատվիրած սիրով մարդկանց հետ վարվելու վճռականությունը զորացնելու հիանալի առիթ է: Մարմնի դադարումը պարարտ կերակուրներից և հոգու առավել սնումը աղոթքներով բերում է հոգեվիճակի առավել ներդաշնակություն ու բարելավում: Իրական քրիստոնյան իր աղոթական խոկումներում ու մտածումներում անձնականից աստիճանաբար բարձրանում է նաև դեպի համընդհանուրը, ջանում սիրո ու աջակցության դրսևորումներով արժևորել իր կյանքը, մեղմել ցավերը, դարմանել վերքերը, մխիթարություն ու հույս հավելել իր եղբայրների ու քույրերի կյանքում: Եվ դեռ ավելին, մարդկային ներաշխարհում սիրո առատությունն առաջնորդում է նաև բնության և այլ կենդանի էակների վերաբերյալ մտածումների ու նրանց հանդեպ հոգատարության: Այս իրողության կողքին առկա է նաև մարդու իրավունքների սոսկ նյութական ու ֆիզիկական ընկալումներով բացարձակացումը, ինչպես նաև դրա նմանությամբ անգամ կենդանիների իրավունքների պաշտպանության երբեմն ծայրահեղականացված  դրսևորումները:

Կենդանիների իրավունքների պաշտպանները արդարացիորեն հանդես են գալիս նաև այն զբաղմունքների կամ մարզաձևերի դեմ, որոնք չարչարանքներ են պատճառում կենդանիներին: Դրանց թվում նշվում է հատկապես Ամերիկայում տարածում ստացած ռոդեոն, որը ցանկանում են օրենքով արգելված տեսնել, քանզի դրա ընթացքում պարանով որսում են ցուլերին, հանկարծակի կանգնեցնում, գետին գցում, երբեմն ոսկորները կոտրում: Բացասական է համարվում նաև որսորդությունը, ցլամարտը: Վերջինիս առնչությամբ նաև Հայ Առաքելական Եկեղեցին է արտահայտել իր տեսակետը դեռևս 2001 թ., երբ հասարակական քննարկման առարկա դարձան Երևանում կազմակերպվելիք ցլամարտերը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի 29.08.2001 թ. հաղորդագրության մեջ հերքվում էին այն լուրերը, թե իբր ցլամարտի անցկացումը կապ ունի Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների հետ, ինչպես նախորոք հայտարարում էին որոշ գովազդներ, տեղեկացվում էր, որ այս առնչությամբ բազմաթիվ բողոք-նամակներ են ստացվել միջազգային կենդանապաշտպան և հասարակական կազմակերպություններից, հոգևոր հայրերից, անհատ անձանցից, և ի մասնավորի ասվում էր.

«Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում և չի սատարում զվարճանքային այնպիսի միջոցառումները, որպիսիք արյունալի տեսարաններ են մատուցում մարդկանց` հիմնովին խաթարելով հատկապես մանուկների, պատանիների և երիտասարդների հոգևոր կերտվածքը, ձևախեղելով քրիստոնեական բարոյականության և քրիստոնեական կենսակերպի չափանիշները»: Մայր Աթոռի այս հաղորդագրությանը ցլամարտի կազմակերպիչները հակադարձել էին մատաղի հիշեցումով, երբ ոչխարը երեխայի աչքերի առջև մորթում են, արյունը քսում ճակատին [ինչը Եկեղեցու կողմից անընդունելի է, և համարվում է հեթանոսական վարմունք], բայց չգիտես ինչու Եկեղեցին և հասարակությունը դրանից վատ չեն զգում, իսկ ցլամարտը, որը մշակույթ ու արվեստ է և համարվում է Իսպանիայի խորհրդանիշներից մեկը, այդքան աղմուկ կարող էր հանել:

Այս նույն ժամանակաշրջանում Մոսկվայում կայանալիք ցլամարտի դեմ էր հանդես եկել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը: Որսորդության վերաբերյալ պետք է նշել, որ մարդը բնական գործընթացի մեջ է, երբ որսորդություն է անում կերակուր հայթայթելու համար: Բայց որսորդությունը հիմնականում մշակութային գործունեություն է մրցակցության, մարզական զբաղմունքի կամ կրոնական որոշ ծեսեր կատարելու համար: Կրոնական ծեսեր կամ ավելի ճշգրիտ` կրոնական բնույթի արարողություններ, կապված կենդանիներին մորթելու հետ, կատարվում է նաև Հայ Առաքելական Եկեղեցում: Մատաղի` հոգևորականի կողմից աղի օրհնության արարողությամբ սկսվող կենդանիներին մորթելու, միսը եփելու և որպես ողորմություն բաժանելու ավանդույթը, որը հնում առավելապես ննջեցյալների հոգիների հանգստության և նրանց հանդեպ աստվածային ողորմության հայցով էր կատարվում, այսպիսի ծիսական արարողություն է, որը կարող է ուղեկցվել անգամ համապատասխան աղոթքներով և հոգևոր երգեցողությամբ:

Այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոսության «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը հայտնում է, որ նման արարողություն կատարվել է ՄեԾի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իրավասության ներքո գտնվող Բիքֆայայում Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով, որը միևնույն ժամանակ ուխտի օրն է Բիքֆայայի Սուրբ Աստվածածին մատրան: 2000 թ. օգոստոսի 12-ին` ուրբաթ օրը, առավոտյան, հավատացյալ ուխտավորների հոծ բազմություն էր հավաքվել Ս. Աստվածածին մատրան շրջափակում, որտեղ ժամը 10:00-ին հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ տեղի ունեցավ աղի օրհնություն և ոչխարների զենում:

Որոշ մարդիկ, որոնք բուսակերներ չեն, հրաժարվում են որոշ կենդանիների, օրինակ, կատուների, շների, ձիերի միսն ուտելուց մշակութային սովորույթի կամ արգելքի պատճառով: Այս մասին խոսում է նաև Ղազար Ջահկեցին իր «Աստվածաբանական դրախտ ցանկալի» աշխատության մեջ , նաև Սուրբ Ներսես Շնորհալին «Գիրք որ կոչի ընդհանրական» աշխատության մեջ` որոշակի տեսակի կենդանիներն ուտելը և մյուսներից հրաժարվելը կապելով մաքուր և անմաքուր կենդանիների մասին աստվածաշնչյան պատվերի (Ղևտ. 11), ուտելու վերաբերյալ Քրիստոսի ուսուցման հետ (Մատթ. 15.10, Մարկ. 7.15): Որսորդությունը և միս ուտելը մեր պատմության մասն են կազմում, բայց այդ գործողություններն արժևորելու փաստն այլ բան չէ, քան մշակութային (կարող ենք ասել նաև կրոնական) ընտրություն:

Այս առումով հետաքրքրական է հյուսիսամերիկյան բնիկների վարմունքը: Նրանք շնորհակալություն են հայտնում կենդանուն, որն իր կյանքը տվել է իրենց ապրելու համար: Նրանք նաև շնորհակալություն են հայտնում բոլոր կենդանատեսակների, կյանքի արարչին, որ ամեն ինչ լիությամբ է ստեղծել իրենց ապրելու համար: Այսպես որսորդը հոգևոր հարաբերություն ունի կենդանու հետ, որին որսում է: Նրանք սա սովորեցնում են իրենց երեխաներին, ովքեր ևս որսորդներ են դառնալու, որպեսզի վարժվեն այսպիսի մտածողության մեջ և միշտ իմանան, որ կենդանիներն իրենցը չեն, այլ արարչի կողմից տրված են մարդկանց ապահովման համար: Այդ «հնդկացիները» սովորեցնում են նաև զուր տեղը կենդանիներ չսպանել, քանի որ դա մեղք է համարվում բնության դեմ, և նման արարք գործածը չի կարող որսորդությամբ զբաղվել, մինչև որ իր արածը հրապարակավ չհայտարարի և չբացատրի, թե ինչու է այդպիսի բան արել: Հյուսիսամերիկյան բնիկները գործում են` նկատի ունենալով կենդանիների գործողությունները, սպանում են միայն այն կենդանիներին, որոնց ուզում են ուտել, և ուտում են կենդանու բոլոր մասերը, որոնք կարող են մարսել: Նրանք գիտեն, թե ինչպես հարգել կենդանիներին: