ՊԱՀՔ. ՄՍԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մսակերության դեմ խիստ դիրքորոշում ունեցող առաջին դարի հույն փիլիսոփա Պլուտարքոսին հակառակ` 17-րդ դարի փիլիսոփա Ռընե Դեկարտը կենդանիներին համարում էր անմիտ, վայրի մեքենաներ, որոնք ընդունակ են որոշ բաներ անել ավելի լավ, քան մարդիկ, ինչպես ժամացույցը կարող է ավելի լավ պահել ժամանակը: Բայց ինչպես ժամացույցը, կենդանիները գիտակից չեն, բնությունն է, որ գործում է նրանց մեջ` համաձայն նրանց օրգանների կարգավորության, ինչպես որ ժամացույցն է կազմված սարքերից: Նման դիրքորոշումը տիրապետող էր մինչև 19-րդ դարը, երբ արդեն նոր գաղափարներ սկսեցին փոխել մարդկանց վերաբերմունքը կենդանիների հանդեպ:

Այդ ժամանակաշրջանի ամենաազդեցիկ երևույթներից մեկը բնագետ Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» (1859 թ.) վերնագրով աշխատության հրատարակությունն էր, որում ասվում էր, թե տեսակներն առաջացել են ժամանակի ընթացքում բնական ընտրության միջոցով: Աստվածաբանորեն էվոլյուցիայի տեսությունը վիճարկելի էր, որովհետև հակասում էր Աստվածաշնչին, որը բացահայտորեն չի խոսում կենդանատեսակների` մեկը մյուսից առաջացած լինելու մասին: Սակայն Աստվածաշնչում աշխարհի արարման օրերը նկարագրված են որպես շրջաններ կամ փուլեր, որովհետև լուսատուների պտույտով օրվա ներկայիս կարգը նկատի չի առնվում, քանզի լուսատուները ստեղծվել են աշխարհի արարման պատումի մեջ օր կոչվող չորրոդ շրջանում միայն:

Դարվինիզմը կենդանիների հանդեպ գթասրտության կողմ և դեմ տեսակետներ առաջացրեց: Դարվինի տեսության մեջ տեղ գտավ ամենահարմարված էակների և նրանց վեարպրելու մասին տեսակետը, ինչն իր հերթին առաջնորդեց սոցիալ դարվինիզմի ուսմունքին, ըստ որի` քանի դեռ մարդկային էակները կերակրի շղթայի գագաթին են, նրանք ամենահարմարվածներն են և, հետևաբար, արժանի են վերապրելու ավելի, քան այլ կենդանական տեսակներ: Դարվինի տեսության մեկ այլ հետևությունն այն գաղափարն էր, որ մոլորակի վրա կենդանիներն ավելի ընդհանրություն ունեն մարդկանց հետ, քան կարծվում էր նախկինում, ինչը նշանակում էր, որ նրանք արժանի են ավելի գթասրտության: Ստացվում է, որ եկեղեցական հեղինակների դիրքորոշմամբ մարդու համար կենդանիների սահմանված լինելը, ինչպես նաև կենդանիների հանդեպ մարդու գթության դրսևորման անհրաժեշտության կրոնական մտքերը դարվինիզմի մեջ փոխարինված են գոյության կռվի մեջ ուժեղագույնի գերակայության և մարդու` կենդանական ծագման վերաբերյալ պատկերացումներով:

Կանտի փիլիսոփայությունը կարևորում էր ինքնուրույն կամքը: Բարոյական էակն ընդունակ է ինքնուրույն որոշել իր գործողությունը, որովհետև նա օժտված է անձի գիտակցությամբ և կարող է իրեն բարձրացնել բնական դետերմինիզմից վեր: Կանտյան գոյաբանությունը ճանաչում է միայն անձեր և իրեր. կենդանիները, անձեր չլինելով, իրեր են, և նրանց հետ կարելի է վարվել ըստ հայեցողության, ինչպես միջոցների: Այսպիսի մտածողության հետ է ամբողջովին համընկնում լեզուների քերականությունը, որում ևս կենդանիները համարվում են շնչավոր առարկաներ:

Հայոց լեզվում դեռ ավելին` սպանված կամ մեռած կենդանիների համար գործածվում է «սատկած» բառը, որպիսի տարբերակում չկա այլ լեզուներում, որոնցում անգամ սատկած կենդանու համար գործածվում է մահացած բառը (dead, mort, mortui, νεκρός, мертвый): Նոր Կտակարանում «սատկել» բայը երկու անգամ է գործածված` Մատթեոսի Ավետարանում հիշվող խոզերի կործանման դրվագում (8.32) և Հայտնության գրքում` Աստծո ցասման յոթ սկավառակների մասին դրվագում, երբ երկրորդ սկավառակի` ծովի մեջ հեղմամբ ծովի ամեն կենդանի արարած սատկում է (16.3): Նոր Կտակարանի այլ լեզուներով թարգմանությունների այս հատվածներում, ի տարբերություն հայերենի «սատկել» բայի, «մեռնել», «կործանվել» բայերն են օգտագործված (Մատթ. 8.32 – απέθανον, perished, périrent, mortui, погибли, Հայտն. 16.3 – απέθανεν, died, mourut, mortua, умерло): Մեծ մտածողներից Լև Տոլստոյը ևս ուսուցանում էր, որ բարությամբ ու քնքնշությամբ պետք է վերաբերվել անգամ անասունների հետ, ինչը նպաստավոր է հոգեվիճակի բարելավման համար:

Կաթոլիկ մեծ աստվածաբան Թովմա Աքվինացու ուսուցանած` ցածրը բարձրին ի գործածություն սահմանված լինելու կարգը նմանվում է դարվինիզմի ուժեղ տեսակների վերապրելու, բնական ընտրության, կերակրի շղթայի, գոյապայքարի տեսությանը, որը գնում է մինչև Նիցշեի` տկարներին ուժեղների կողմից ոչնչացնելու փիլիսոփայությունը և որն արտահայտված է առավելաբար նրա «Այսպես խոսեց Զրադաշտը», «Չարից և բարուց անդին», «Զվարթ գիտություն», «Բարոյականության ծննդաբանության շուրջ» աշխատություններում: Կենդանիների հանդեպ գթությունն ու խնամքը մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունքի տրամադրելու վերաբերյալ Աքվինացու կարծիքի նմանությամբ Կանտը նույնպես կենդանիների նկատմամբ լավ վերաբերմունքը համարում է մարդկանց հանդեպ լավ վարվեցողության տրամադրող և խթանիչ: Փիլիսոփան նշում է, որ նույնիսկ երեխայական շրջանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը հետագայում վերածվում է մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի:

Փիլիսոփայական այս դիտարկումն այսօր հաստատված է հոգեբանության կողմից: Կենդանիների հանդեպ լավ վերաբերմունքով է նաև լավ մարդու ձևավորումը պայմանավորում մեկ այլ նշանավոր փիլիսոփա` Շոպենհաուերը: Այս կարծիքների բացարձակ լինելու դեմ կարելի է առարկել ֆաշիստական Գերմանիայի օրինակը բերելով, երբ կենդանիներին սիրող և կենդանիների պաշտպանության համար օրենքներ հաստատող նացիստները միևնույն ժամանակ դաժան խոշտանգումների ու բնաջնջման էին ենթարկում միլիոնավոր մարդկանց:

Այսպես նաև հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» իմաստալի ստեղծագործության մեջ է պատկերվում, թե ինչպես մեկն իր ընտանի կենդանուն սպանելու համար վրեժխնդիր է լինում մեղավորից, ինչը վերաճում է բազում մարդկանց, անգամ բնակավայրերի առճակատման ու ողբերգության: Թումանյանի այս ստեղծագործությունը ծաղրում է այն մարդկանց, ովքեր իրենց սիրելի կենդանիներին վնաս հասցնելու համար պատրաստ են «ակն ընդ ական» սկզբունքով ձեռք բարձրացնել մարդու վրա, անգամ մարդկային կյանք վտանգել` մարդ արարածին ստորադասելով կենդանիներից: