ՊԱՀՔ. ԸՆԴԴԵՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՈՒԹՅԱՆ

Կենդանիների հանդեպ հոգատարության միտքն ու նրանց ևս Աստծո ստեղծագործություն համարելը շատ մտածողների, փիլիսոփաների և հոգևոր գործիչների բերում էր կենդանական միս ուտելուց հրաժարման, և պահքը դիտվում էր նաև որպես գթություն կենդանիների հանդեպ: Այդ նկատառման համաձայն՝ պահքով դադարում է ապրող արարածների կյանքի գնով ուտելիքների պատրաստումն ու դրանցով կերակրվելը, ինչը նաև ժուժկալության մեծ դրսևորում էր համարվում եկեղեցական հեղինակների կողմից:

Այս մասին խոսում էր դեռ Սուրբ Բարսեղ Կեսարացին` ասելով. «Դրախտում չկար ո՛չ գինի, ո՛չ կենդանիների զոհաբերություն: Ջրհեղեղից հետո մարդկանց ասվեց. “Ամեն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպես խոտն ու բանջարն եմ տվել (Ծննդ. 9.3)”: Ո՞վ է սպառել իր տան ունեցվածքը պահքի ժամանակ: Հաշվի՛ր, թե ինչ կա տանն այժմ, հաշվի՛ր, թե ինչ կլինի հետո. պահքից ոչինչ չի նվազի:

Ոչ մի կենդանի չի բողոքում մահից, ոչ մի տեղ չկա արյուն, ոչ մի տեղ անողոք որովայնը կենդանիների վերաբերյալ դատավճիռ չի կայացնում, խոհարարների դանակն անգործ է, սեղանը բավականանում է նրանով, ինչը հատուկ պատրաստություններ չի պահանջում»:

Սուրբ Կղեմես Առաջին Հռոմի պապին վերագրվող աշխատության մեջ նշվում է, որ Սուրբ Պետրոս առաքյալն ուտում էր միայն հաց ու ձիթապտուղ և երբեմն նաև` բանջարեղեն: Կղեմես Ալեքսանդրացին իր «Դաստիարակ» աշխատության մեջ նշում է, որ Սուրբ Մատթեոս առաքյալը կերակրվում էր մրգերով ու բանջարեղեններով և միս չէր օգտագործում:

Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցական պատմության» մեջ, վկայակոչելով իրենից ավելի վաղ հեղինակի` Հեգգեսիպոսին, տեղեկություն է հաղորդում Սուրբ Հակոբոս Տեառնեղբայր առաքյալի մասին, ըստ որի` Հակոբոսը ոգելից խմիչք չի խմել և երբեք միս չի կերել:

Հետաքրքրական է, որ Պողոս առաքյալը հավատի տկարություն էր համարում միս չուտելը (Հռ. 14.2), դրա համար առաջարկում էր ուտել այն ամենը, ինչ վաճառվում է սպանդանոցում (Ա Կորնթ. 10.25): Սակայն առաքյալը նկատի ուներ ոչ թե եկեղեցական սրբերի հասուն գիտակցությամբ, ժուժկալությամբ ու կենդանիների հանդեպ գթությամբ մսից հրաժարման իրողությունը, այլ հավատքի և փրկության հարցում մսի գործածության կամ դրանից հրաժարման էական համարումը: Այդ պատճառով էլ նաև հակառակն է ասում. «Հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ» (Ա Կորնթ. 8.13, նաև` Հռ. 14.21):

Այս ընկալումով են նաև հաստատվել եկեղեցական կանոններ, որոնք հրահանգում են եպիսկոպոսի, քահանայի կամ սարկավագի կարգը լուծարել և եկեղեցուց հեռացնել, եթե միսը պիղծ են համարում և կամ տոն օրերին միս չեն ճաշակում, քանզի այս պարագային արդեն առաքյալի բերած օրինակին հակառակ, ինչպես նշում է կանոնը, մսից հրաժարվելով են շատերի գայթակղության պատճառ դառնում:

Ի տարբերություն եկեղեցական հեղինակների` մի շարք հույն հայտնի փիլիսոփաներ կենդանիներին մարդու ուտելու համար սահմանված չէին համարում: Հույն նշանավոր փիլիսոփաներից Պյութագորասը և նրա հետևորդները մերժում էին կենդանու միս ուտելը, որովհետև հավատում էին հոգիների վերաբնակեցմանը մարդկանցից կենդանիների մարմինների մեջ : Սույն ուսմունքը նման է բուդդայականության ուսուցմանը: Այս կրոնի անհեթեթության մասին է խոսել նաև ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը:

Հույն մեկ այլ նշանավոր փիլիսոփա Պլուտարքոսը, պատասխանելով Պյութագորասի` մսից հրաժարման վերաբերյալ հարցին, մսակերության մասին իր մտորումներում նշում է. «Անձամբ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե բանականության ի՞նչ վիճակի մեջ է եղել մարդը, որն առաջին անգամ շուրթերով դիպել է արյունոտված մարմնին և կերել է մեռած միս, ի՞նչ հանգամանքներն են նրան ստիպել իր սեղանները զարդարել փտող մարմիններից պատրաստված կերակուրներով և կերակուր անվանել այն, ինչը քիչ առաջ մայում էր, բառաչում էր, շարժվում էր և շնչում: Չգիտես ինչու, մենք չենք ուտում առյուծների  և գայլերի, այլ դրա փոխարեն սպանում ենք անվնաս, հնազանդ էակներին, որոնք չեն կարող ոչ մի վնաս պատճառել, քանի որ չունեն ո՛չ մագիլներ, ո՛չ ժանիքներ»:

Պլուտարքոսը խստությամբ հանդես էր գալիս կենդանիներին սպանելու և նրանց միսն ուտելու դեմ` ասելով, որ մի կտոր մսի համար մենք կենդանիներին զրկում ենք արևից, լույսից և կյանքից, որին նրանք ունեն նույնպիսի իրավունք, ինչպես և մենք: Նա մարտահրավեր էր նետում մսով սնվողներին` ասելով. «Եթե դուք այդպես վստահ եք, որ կենդանիները նախասահմանված են ձեզ համար իբրև կերակուր, ուրեմն ինքներդ սպանեք այն էակին, որի միսը ցանկանում ենք ուտել, բայց սպանեք նրան ձեր ձեռքերով կամ ատամներով` չդիմելով դանակի, մահակի կամ կացնի օգնության»: