ՊԱՀՔ ԵՎ ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Տարվա մեջ պահքի երեք առանձին հիսուն օրերով` երեք հիսնյակներով, Եկեղեցին պատվում է երեք մեծ տոներ` Սուրբ Ծնունդը, Սուրբ Հարությունը և Պայծառակերպությունը` Վարդավառը: Առաջին հիսնյակը` Սուրբ Ծնունդին նախորդող Հիսնակաց պահքը, խորհրդանշում է նահապետների աստվածպաշտությունը մինչև Մովսես: Երկրորդ հիսնյակը` Մեծ Պահքի շրջանը, խորհրդանշում է մարգարեների աստվածպաշտությունը մինչև Հովհաննես Մկրտիչ, իսկ երրորդ հիսնյակը` Վարդավառին նախորդող հիսուն օրերը, խորհրդանշում է քրիստոնյաների աստվածպաշտությունը մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Ծննդյան հիսնյակը խորհրդանշում է նաև մեր այս կյանքից ելնելը և ծնվելը հոգևոր աշխարհում, Հարության հիսնյակը` մեր հարությունը, իսկ Վարդավառի հիսնյակը` պայծառ փառքով հավատացյալների երկինք վերանալը: Սուրբ Ծննդյան հիսնյակի մեջ մտնում են` Հիսնյակի շաբաթապահքը, վերջին շաբաթը` Ծննդյան շաբաթապահքը, և այդ միջակայքում գտնվող Սուրբ Հակոբի շաբաթապահքը:

Երկրորդ հիսնյակը Զատկին նախորդող Մեծ Պահքի շրջանն է և կոչվում է «Աղուհացից»: Այս շրջանում և՛ աշխարհականներին, և՛ հոգևորականներին թելադրվում է պահել ամբողջ հիսնյակը: Իսկ երրորդ հիսնյակը Վարդավառին նախորդող հիսուն օրերն են, որոնցից այժմ միայն երեք շաբաթն ենք պահում` առաջին` Եղիական, միջին` Լուսավորչի և վերջին` Վարդավառի:

Մեծ տարբերություն կա մեր և այլ կրոնների պահեցողության միջև: Օրինակ` բուդդայական պահքն իրականում ոչ թե պահեցողություն է, այլ բուսակերութուն: Բուդդայականության հետևորդներին միս ուտելն արգելված է այն պատճառով, որ ըստ բուդդայական ուսուցման` մարդիկ մեռնելուց հետո վերամարմնավորվում են այլ մարդկանց կամ կենդանիների մարմիններում, որի համար էլ միս ուտողն անզգուշաբար կարող է ուտել վերամարմնավորված իր նախնիներից մեկին: Սակայն բուդդայականությունն ուսուցանում է նաև, որ մահվանից հետո մարդը վերամարմնավորվում է նաև բույսերի մեջ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իր նախնիներից որևէ մեկը կանաչի չի դարձել: Եվ բնական է, որ այդ կրոնը չի զարգացնում այս տեսակետը, որովհետև այդ դեպքում բուդդիստներն արդեն ստիպված սովամահ պիտի լինեին:

Աստվածաշունչը, ընդհակառակը, արգելք չի դնում մսակերության համար` նշելով, որ միս ուտելը կարգել է Աստված (Ծննդ. 9.3): Թեև հիշատակություն չկա, թե Քրիստոս ինչ կերավ Կանայի հարսանիքի ժամանակ, սակայն միանգամայն հասկանալի է, որ օգտվել է հյուրասիրությունից, իսկ հարսանիքների ժամանակ հիմնականում մսեղեն կերակուրներ են լինում: Քրիստոս Ինքը պատվիրեց Վերջին Ընթրիքը պատրաստել, ըստ սովորության հրեական զատիկը` եգիպտական գերությունից ազատվելու հիշատակությունը տոնելու համար, որի հատուկ կերակուրը, աստվածային պատվերի համաձայն, գառան կամ ուլի միսն էր (Ելք 12.3-5): Նաև Քրիստոս Ինքն էր Իր մասին ասում, որ ուտում է և խմում, որի համար էլ Իր մասին ասում են` ահա ուտող և խմող մարդ (Մատթ. 11.19):

Պողոս առաքյալը ոչ միայն անընդունելի չի համարում միս ուտելը, այլ նույնիսկ թույլատրելի է համարում անգամ կուռքերին զոհաբերված միսը ճաշակելը` որպես պարզ ուտելիք, բայց պատվիրում է հրաժարվել դրանից, եթե նորադարձ քրիստոնյային գայթակղեցնելու վտանգ կա (Ա Կորնթ. 8.8-13): Քրիստոս ևս ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11), այսինքն` չար, վատ խոսքերը:

Մեր այսօրվա իրականության մեջ քրիստոնեական երկրներ են ներթափանցում արևելյան կրոններին հատուկ գաղափարներ, և նույնիսկ հեռուստատեսությամբ հայտարարություններ են լինում, թե բուդդայական կենցաղավարությունը, մեդիտացիան շատ օգտակար է, և այն կարող են կիրառել նաև քրիստոնյաները: Պողոս առաքյալն ասում է. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1.8): Հետևաբար, ըստ առաքյալի խոսքի, նզովյալ են բոլոր նրանք, ովքեր քրիստոնյաներին այլ հավատալիք կամ կրոն են ուսուցանում: Նաև առաքյալն ասում է, որ Աստված նախսահմանությամբ ընտրեց մեզ (Հռ. 8.28-30, Եփես. 1.12, Ա Թեսաղ. 5.9, Բ Տիմ. 1.9): Եվ մենք գոհություն պետք է հայտնենք Աստծուն, որ Իր նախախնամությամբ ծնվել ենք քրիստոնյա երկրում և պետք է արժևորենք մեզ տրված այդ պարգևը` իրապես հետևելով ուսուցումներին ճշմարիտ կրոնի, որն է քրիստոնեությունը: