ՊԱՀՔ. ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ

Պահքը, իր հոգևոր մեծ նշանակությունից զատ, նաև կենդանական կերակուրներից հրաժարումով առնչվում է կենդանական աշխարհի հանդեպ գթասրտության դրսևորմանը: Պահքի խորհրդի մեջ այս միտումն է շեշտադրում նաև եկեղեցական Սուրբ Հայրերից Բարսեղ Կեսարացին:

Փիլիսոփայության ոլորտում Պլուտարաքոսից և Պորփյուրից մինչև Շոպենհաուեր, անցնելով Մոնտենի, Մոնտեսքյոյի կամ Կոնդիլյակի ուսմունքի միջով, չեն պակասում փիլիսոփաներ, ովքեր բարձրաձայնում են կենդանիների չարչարանքների հարցը: Այս խնդիրը լուրջ հարցադրումով արծարել է հատկապես 18-րդ դարի փիլիսոփա Ջերեմի Բենթամը իր հանրահայտ հարցադրումով` ասելով, որ հարցն այն չէ, թե կարո՞ղ են կենդանիները մտածել կամ խոսել, այլ` կարո՞ղ են արդյոք չարչարվել:

Կենդանիներին չարչարանքներից ազատելու մտահոգությունը նպաստել է «կենդանիների իրավունք» հասկացության ձևավորմանը: «Կենդանիների իրավունք» արտահայտությունն ավելի հաճախ օգտագործվում է ուտիլիտարիստ հոսանքի  կողմից, որը շեշտում է կենդանիների հանդեպ մարդկանց պարտավորությունները:

Սակայն կենդանիներին «իրավունքի սուբյեկտ» համարելը խնդրահարույց է, և վիճարկվում է նրանց կողմից, ովքեր կանտյան ուսմունքի նկատառումով միայն ազատության մեջ են տեսնում բարոյական սուբյեկտի և իրավունքի կրողի նշանը, որը, հետևաբար, վերապահված է բացառապես մարդկանց: Այս բանավեճը մի հիմնավոր խնդիր է վեր հանում. կարո՞ղ է արդյոք չարչարվելու ունակությունը հիմք լինել էթիկա-իրավական ճանաչման:

Դիտարկումը ցույց է տալիս, որ դետերմինիզմը կենդանու մեջ այնքան զորեղ է, որ նույնիսկ կարող է նրա մահվան պատճառը դառնալ, այն դեպքում, երբ իր բնույթից ազատության չնչին քանակը նրան թույլ կտար առանց դժվարության վերապրել: Կատուն, օրինակ, կարող է սովից սատկել ցորենով լի կաթսայի կողքին, և աղավնին` լավ մսակտորներով թասի մոտ, մինչդեռ մարդն այդպիսին չէ:

Եվ քանի որ բարոյականության կարողությունն ու ազատությունն է (ազատ կամքի դրսևորումը) դիտվում որպես իրավունքի նախապայման, ապա զարմանալի չէ, որ կենդանիների նկատմամբ գթության ու բարության դրսևորման կողմնակից Կանտն ասում էր. «Մենք կարող ենք ունենալ պարտականություններ կենդանիների առնչությամբ, բայց ոչ` նրանց հանդեպ» :

Ռուսսոյի, Կանտի և Ֆիխտեի ավանդույթի մեջ երեք փիլիսոփայական թեմաներ անբաժանելի են. 1. Մարդը միակ էակն է, որ իրավունքներ ունի, 2. նրա բարոյական և քաղաքական գործունեության վերջնական նպատակը նախ և առաջ երջանկությունը չէ, այլ ազատությունը, 3. այս վերջինն է, որ կազմում է իրավական կարգի սկզբունքը:

Ուտալիտարիզմի (ուսուցանում է, որ վարվեցողության կամ արարքի բարոյական արժեքը որոշվում է դրա օգտակարությամբ) ավանդույթի մեջ հակառակ տեսակետն է շեշտվում: 1. Մարդկային էակը միակը չէ, որ իրավունքներ ունի, և իրավունքներից պետք է օգտվեն հաճույքների և ցավերի ընդունակ բոլոր էակները: 2. Բարոյական և քաղաքական գործունեության վերջնական նպատակը աշխարհում երջանկության հանրագումարի բարձրագույն մակարդակին հասնելն է: 3. Իրավունքի առաջին նպատակաուղղվածությունը շահերը պաշտպանելն է, ինչպիսին էլ լինի սուբյեկտը, որին պատկանում են շահերը:

Տարբերություն կա «կենդանիների իրավունք» և «կենդանիների  բարօրություն» հասկացությունների միջև: «Կենդանիների բարօրություն» ասելով հասկացվում է, որ կենդանիները, հատկապես նրանք, որոնք մարդու խնամքի տակ են, պետք է լավ կերակրվեն, կարիքի դեպքում բժշկական ուշադրության ներքո լինեն և չպետք է ենթարկվեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնության:

Մեր ներկա կյանքում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու կյանքի բարօրության հաստատման կարևոր առաքելության մեջ, այնուամենայնիվ, չպետք է անտեսել նաև բնությունն ու կենդանական աշխարհը, որոնք ևս մարդու խնամքի ու հոգածության կարիքն ունեն: