ՊԱՀՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Մարմնի չափավոր սնումը հատուկ հոգևոր մտադրությամբ, որքան էլ ոմանց համար զարմանալի լինի, ավելի է պայծառացնում միտքը և զորացնում է հոգու գործունեությունը։ Մարմնավոր պահքը պետք է սերտորեն կապված լինի նաև հոգևոր պահքին, որը հրաժարումն է վատ արարքներից, կրքերից և մտքերից։

Սակայն նշենք, որ առանց մարմնավոր պահքի երբեմն շատ դժվար է լինում միայն հոգևոր պահք պահելը։ Այսօր շատեր փորձում են պահել միայն պահքի հոգևոր կողմը, այսինքն` ջանում են հեռու մնալ վատ սովորություններից, հակումներից, մեղավոր հաճույքներից։ Սակայն շատ հաճախ չափազանց դժվար է առանց պահքի մարմնավոր կողմը պահելու պահքի հոգևոր կողմը պահել և զարգացնել։

Սրա պատճառն այն է, որ երբ մարդը սնվում է պարարտ կերակուրներով, մարմնի մեջ ավելի են աշխուժանում բնական շարժումներն ու սովորական կրքերը, և միտքն ու գիտակցությունը մեծապես դժվարանում են զսպողություն սահմանելու մեջ։ Իսկ պահքի օգնությամբ միտքը հեշտությամբ կարողանում է սանձել մարմինն ու նրա ցանկությունները։

Պահքը մեծապես կապված է զղջման և ապաշխարության հետ։ Երբ մարդ զղջում է իր մեղքերի համար, նա տխրում է, որ ամոթալի արարքներ է գործել: «Եվ այդ սուգը,- ասում է մեր Եկեղեցու մեծ հեղինակներից Հովհան Մանդակունին,- պահք է սովորեցնում, պահքը աղոթքի է բերում, աղոթքը` ողորմության, և կամաց-կամաց, աստիճանից աստիճան հեշտությամբ երկինք ես ելնում»։ «Այս ամենի միայն սկսելն է դժվար,- դարձյալ մեզ խրատում է Հովհան Մանդակունին,- բայց այնուհետև գործը հեշտանում է և դառնում քաղցր ու ցանկալի»։

Այսպիսի ներքին պահքի կարիքն ունեն ոչ միայն սովորական անձինք, այլ հատկապես մեր քաղաքական, հասարակական գործիչները և գիտության մարդիկ։ Այդ իսկ պատճառով նրանց առաջարկում ենք մեկ այլ հեղինակի խորհուրդները։

Լինում է հոգևոր պահք, որը ենթադրում է հրաժարում եսասիրական և իշխանատենչ գործողություններից, հրաժարում մարդկային փառասիրական նկրտումներից։ Այս պահքն առանձնապես անհրաժեշտ է հասարակական գործիչներին։ Այս պահքի կարգն է` մի փնտրիր իշխանություն և առավելություն, եթե կոչվել ես իշխանության և ղեկավարման, այլ նայիր դրանց որպես ծառայություն։

Ամեն անգամ, երբ հարկ է լինում մարդկանց անտեղի հիշեցնել քո մասին, ցույց տալ քո առավելություններն ու ուժը, զսպի՛ր քեզ։ Մի՛ տրվիր երեսպաշտությանը։

Մտավոր պահքը հրաժարումն է մտքի միակողմանի գործողությունից, վերջ չունեցող անիմաստ ու աննպատակ հարցերի առաջադրումից։ Սա անհրաժեշտ է գիտության մարդկանց, որոնք մոռացության են տվել Հերակլիտի խոսքերը. «Բազմիմացությունը խելք չի սովորեցնում»։

Մտավոր այս պահքի պայմանն է` մի՛ փնտրիր գիտելիքներ հանուն գիտելիքների, որոնք անիմաստ են մարդկանց և Աստծո գործի համար։ Մի՛ փնտրիր գաղափարական նորույթներ ու յուրօրինակություններ։ Չափից ավելի մեծ արժեք մի՛ տուր գիտական իմացություններին, քանզի գիտությունն ունի սահման` կապված գիտնականների կանխակարծ մտքերի և գիտական ոչ լիարժեք նյութի հետ։ Այս շրջանում հատկապես մտավոր գործունեությունդ ենթարկիր բարոյական պահանջներին։