ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ

Երկուշաբթի օրվանից սկսվում է Մեծ Պահքը: Այն տևում է շուրջ քառասուն օրեր, որոնց հավելվում են Սուրբ Զատիկին` Քրիստոսի Հարության տոնին նախորդող Ավագ շաբաթվա օրերը: Մեծ Պահքի օրերի ընդհանուր թիվը քառասունութ է: Մեծ Պահքն ավարտվում է Սուրբ Հարության կիրակի օրվան նախորդող շաբաթ օրվա Ճրագալույցի պատարագով, որից հետո արդեն կարելի է ուտել զատկական կերակուրները:

Եկեղեցին բացի տոնական օրերից ունի նաև պահոց օրեր, որոնք թվով հարյուր հիսունութն են և բաժանվում են օրապահքերի, շաբաթապահքերի և հիսնակաց պահքի:

Օրապահքերը` չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը, կարգվել է ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների և խաչելության, շաբաթապահքերը հիմնականում առաջացել են հիսնակաց պահքերի, այսինքն` հիսուն օրեր տևող տարբեր պահքերի տրոհումից: Շաբաթապահքերը հինգ օր տևողությամբ են, բացառությամբ Ծննդյան պահքի, որ յոթ օր է: Նախկինում կային պահոց երեք հիսնյակներ Ծննդից, Զատկից, Վարդավառից առաջ, մինչև որ հետո սահմանվեց պահել միայն Զատկից առաջ եղող հիսնյակը:

Եկեղեցական Հայրերը, տեսնելով, որ աշխարհականների համար դժվար է տարվա մեջ մի քանի անգամ շուրջ հիսուն օրեր պահք պահելը, կարգ հաստատեցին, որ հատկապես աշխարհականները պահեն հիսնակաց պահքերի միայն սկզբի, միջին և վերջին շաբաթները:

Պահք, ծոմ պահելու անհարժեշտությունը նշեց նաև Քրիստոս (Մատթ. 6.16, 9.15; Մարկ. 2.20, Ղուկ. 5.35)` ասելով. «Երբ փեսան նրանցից վերցվի, այն ժամանակ ծոմ կպահեն»: Առաքյալները ևս անհրաժեշտ էին համարում պահեցողությունն ու ծոմապահությունը:

Սուրբ Հոգին խոսեց և ասաց, որ առանձնացնենե Սողոսին և Բառնաբասին հատուկ առաքելության համար: Եվ առաքյալները պահեցողությամբ ու աղոթքով ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին (Գործք 13.2-3):

Երբ Պողոսն ու Բառնաբասը եկան Դերբեից Իկոնիոն, Լյուստրա և Անտիոք, մխիթարեցին քրիստոնյաներին, ովքեր նեղությունների մեջ էին: Եվ «նրանց համար յուրաքանչյուր եկեղեցու վրա երեցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղոթք արեցին» (Գործք 14.22):

Պահեցողությունը մեծապես նպաստում է հոգևոր վիճակի բարելավմանը, օգնում առավել կենտրոնանալ հոգևոր իրողությունների վրա: