ՊԱՀԵՑԵՔ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հաստա՛տ մնացեք և պի՛նդ պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք թե՛ խոսքով և թե՛ մեր թղթով. և ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոս և մեր Հայրը` Աստված, որ սիրեց մեզ և մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի ձեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ» (Բ Թեսաղ. 2.14-16):

Ամենավաղ գրավոր օրենքը մեզ հասել է Մովսես մարգարեի ձեռքով, ով ապրել է Ք. ա. 15-14-րդ դդ.-ում։ Մինչդեռ Ավանդությունն ավելի հին է։ Հազարավոր տարիներ են անցել մինչև որևէ գրավոր օրենքի երևան գալը։ Իսկ ո՞վ էր առաջնորդում մարդկանց միտքն այդ ընթացքում. մի կողմից՝ նրանց խիղճը (բարոյական օրենքը), մյուս կողմից՝ սերնդեսերունդ փոխանցվող Ավանդությունը։

Ծննդոց գրքում գրված է, որ արդար Աբելն Աստծուն ընծայեց իր հոտի պարարտ անասուններին (Ծննդ. 4.4)։ Առաքյաը բացատրում է սա՝ ասելով. «Հավատով Աբելն Աստծուն մատուցեց ավելի լավ զոհ, քան Կայենը» (Եբր. 11.4)։ Այստեղ հարց ենք տալիս. Աբելն ինչպե՞ս գիտեր Աստծուն զոհ մատուցելու գաղափարը։ Որտեղի՞ց էր նա այդ հավատքն ընդունել. նրա ժամանակ դեռևս ոչ մի գրավոր օրենք չկար։ Անկասկած, նա այս գաղափարն ընդունել էր Ավանդության միջոցով իր հայր Ադամից, ով այն ընդունել էր հենց Աստծուց։ Սա տեղի է ունեցել 14 դար ավելի վաղ, քան Մովսեսը կգրեր զոհերի և ողջակեզների մասին։

Սուրբ Գրքում գրված է, որ մեր հայր Նոյը վերցրեց որոշ սուրբ անասուններ ու սուրբ թռչուններ և սեղանի վրա ողջակեզ մատուցեց, և Տերը հոտոտեց այն իբրև անուշաբուրություն (Ծննդ. 8.20-21)։ Նոյն ինչպե՞ս գիտեր ողջակեզի համար սուրբ կենդանիների գործածության գաղափարի մասին։ Նա պիտի որ այն վերցրած լիներ անմիջապես Տիրոջից և ապա փոխանցած իրենից հետո եկող սերունդներին, նախքան Մովսեսը Հնգամատյանում կբացատրեր սուրբ կենդանիների գաղափարը։

Երբ Աստված գրավոր օրենքը տվեց, կամեցավ, որ Ավանդությունը ևս մնա։ Նա պատվիրեց հայրերին, տարբեր առիթներով, ավանդել ու փոխանցել իրենց սովորածը զավակներին։ Տերը ասաց ժողովրդին. «Նայի՛ր քեզ և խիստ զգո՛ւյշ եղիր քո անձին, չմոռանա՛ս այս բոլորը, որ քո աչքերը տեսան, և սրտիցդ թող չհեռանան քո կյանքի բոլոր օրերին։ Եվ սովորեցրու դրանք քո որդիներին և որդիներիդ որդիներին» (Բ Օրենք 4.9)։

Ավանդության փոխանցման երևույթը, որ առկա էր Հին Ուխտի շրջանում, տեղ գտավ, թեև առավել նվազ աստիճանով, նաև Նոր Ուխտի շրջանում։ Մինչև որևէ Ավետարանի կամ թղթի գրությունը բավականին ժամանակ է անցել։ Շուրջ քսան տարի մարդիկ Ավանդութան միջոցով էին ընդունում հավատքն իր ամբողջության մեջ՝ Քրիստոսի ամբողջական պատմությունը Նրա վարդապետությունների և փրկության հետ մեկտեղ։

Տեր Հիսուս Քրիստոսն Ինքը ոչ մի Ավետարան չի գրել, ոչ էլ գրավոր որևէ քարոզություն է թողել. Նա քարոզում և ուսուցանում էր՝ թողնելով Իր խոսքերն իբրև հոգի և կյանք (Հովհ. 6.64) այն մարդկանց համար, ովքեր հետո պիտի տարածեին դրանք։ Երբ Տերը սկսեց Իր ուսուցումն ու քարոզությունը, ասաց ժողովրդին. «Ժամանակը լրացել է, և Աստծո արքայությունը՝ հասել։ Ապաշխարեք և հավատացե՛ք Ավետարանին» (Մարկ. 1.15)։

Չկար որևէ գրավոր ավետարան, այսինքն՝ բարի լուր, բայց կար բարի լուրի քարոզությունը, որն իրենից ներկայացնում էր բանավոր Ավետարան կամ աստվածային ուսմունք՝ տրված ավանդման միջոցով։ Նույն նշանակությունն ունի Տիրոջ խոսքն Իր աշակերտներին. «Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկ. 16.15)։

(Շենուդա Պատրիարք)