ՉԴԻՄԱԴՐԵԼ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Ամեն օր, երբ արթնանում ենք, նախքան տնից դուրս գալը և գործի անցնելը ինքներս մեզ համար ծրագիր ենք գծում, թե ինչ պիտի անենք, և ինչպիսի ընթացք պիտի ունենան իրադարձությունները: Բայց երբեմն այդ ծրագրերը խախտվում են, և դա զայրույթ, գրգռվածություն կամ տրամադրության անկում է բերում: Ուղեղը բանականության հստակ կարգով փորձում է ամեն ինչ իր վերահսկողության տակ պահել: Այն ջանում է իրեն զգացումներից ու նախազգացումներից վեր համարել և անգամ ինքն է զգացումներ առաջացնում՝ կապված նաև անհանգստության, տագնապի, մտահոգությունների, հուսաբեկության հետ: Այս զգացումներն ուղղակիորեն ուղեղի երևակայական վերլուծությունների և կանխատեսումների հետևանք են:

Այդ նույն ձևով ուղեղն իր վերլուծական մեծ հատկություններով ծրագրում է օրը: Եվ երբ, ինչպես նշվեց, սահմանվածից մի բան դուրս է գալիս վերահսկողությունից, ուղեղը տագնապում է և համապատասխան զգացումներ առաջ բերում: Մենք մտածում ենք, որ եթե մեր որոշածից մի բան շեղվում է, ուրեմն, օրվա հաջողությունը փոխարինվելու է անհաջողությամբ, գործերն սպասվածի համաձայն լավ արդյունքներ չեն բերելու: Սակայն պետք է իմանալ, որ  միայն չոր բանականության հաշվարկներից չեն կախված մարդու կյանքն ու արարքների պտուղները:

Դուք չեք կարող իմանալ, թե դեպքերի որ զարգացումն է Ձեզ համար օգտակար և շահավետ: Ձեր կազմած ծրագրից օրվա անելիքների շեղվելը, ոմանց պատճառով, Ձեր ցանկությանը հակառակ դրանց այլ ընթացք ստանալը գուցե ավելի նպաստավոր են Ձեզ համար և կամ ավելացնում են Ձեր հետագա հաջողությունը: Մինչդեռ Ձեզ իրական վնաս կարող են բերել զայրույթը, տրամադրության անկումը, դյուրագրգիռ վիճակը: Ձեր նախորոշածից այլ դեպքի առաջանալն ընդունեք հանգստությամբ, առանց ավելորդ լարվածության, համարեք, որ դա ոչ թե խաթարում է Ձեր օրը, այլ թերևս բարենպաստ է հետագայի համար: Ուրեմն, օրվա դեպքերի՝ Ձեզանից կախում չունեցող զարգացումներին դիմադրելն ու հակառակվելը Ձեզ ավելի վնաս կբերի, քան Ձեր ուղեղի մշակած օրվա ծրագրից տարբերվող այլ իրադարձությունը հանգիստ ընդունելն ու օրը խաղաղ հոգեվիճակով շարունակելը:

Որպեսզի ասվածն ավելի հասկանալի լինի, կանգ առնենք կոնկրետ օրինակների վրա: Կարող է լինել, որ Ձեր վերադասը, առանց հաշվի առնելու Ձեր ներկա գործը, մեկ այլ հանձնարարություն է տալիս կամ մի որոշ ժամանակ կտրում է հրատապ անելիքից, կամ պայմանավորված հանդիպումը տեղի չի ունենում, կամ հանգամանքների բերումով չի ստացվում ճշգրիտ ժամին ճշգրիտ տեղում լինել, կամ անսպասելի այցելությունը խառնում է առօրյան և այլն: Սրանք, իհարկե, կենցաղային մանր խնդիրներ են, իսկ կյանքում հնարավոր է՝ ավելի լուրջ հակադրություններ ծագեն: Ամեն պարագայում մտածեք, որ բավականին հաճախ դժվարությունը ոչ թե ձախողում է, այլ հաջողության Ձեր վերելքի ճանապարհին մի նոր աստիճան է դեպի նոր ձեռքբերում և փորձառություն:

Աստվածաշունչը նման իրողությունների հիշատակումներ ունի: Անդրադառնանք դրանցից հետևյալներին: Աբրահամը, թողնելով իր հանգիստ կեցությունը, Աստծո կարգադրությունն ստանալով դուրս եկավ իր բնակավայրից և մեծ խոստումներ ժառանգեց, մեծ ունեցվածքի տեր դարձավ: Հովսեփը, հակառակ հարազատների հետ խաղաղ ապրելու իր ցակությանը, մատնվեց եղբայրների կողմից, տարվեց Եգիպտոս, ապա բանտարկվեց, բայց այդ դժվարությունները հաղթահարելով մեծ հաջողությունների ու դիրքի հասավ: Առաքյալները Քրիստոսի խաչելությունն ու մահը հուսահատությամբ ընդունեցին, բայց այդ զոհագործությունը մարդկության համար փրկություն եղավ, և Տիրոջ հարության քաջալերությամբ ու շնորհներով զորացած՝ նրանք քրիստոնյա դարձրին աշխարհը:

Հիշեք նախախնամության մասին: Աստված Իր խնամքի տակ է պահում Ձեզ և ուղղում Իրեն հավատացողների քայլերը: Աստվածային նախախնամությամբ յուրաքանչյուր իրադրություն կարող է մարդու օգտին ծառայել: Այսպիսով, օրվա դեպքերի ընթացքին չդիմադրելը (եթե, իհարկե, դրանք մեղքի, վատթարագույնի չեն տանում) և խնդիրների լուծումը հանգիստ գտնելն ամենայն հավանականությամբ ավելի շահավետ կերպով կշրջվի դեպի Ձեզ, քան Ձեր հակադարձելը զայրույթով և խաղաղ հոգեվիճակի խանգարումով: Ձեր օրը մի՛ խաթարեք հոռետեսական մտածումներով, այլ միշտ լավի տրամադրված լինելով ինքներդ ուղղորդեք իրադարձությունների հոսքը Ձեզ համար նպաստավոր ուղիով:

Այս գիտակցությամբ Դուք կախված չեք հանգամանքներից, այլ հանգամանքներն են կախված Ձեզանից և Ձեր կայացրած որոշումներից: Դուք աննշան մասնիկ չեք աշխարհի և իրադարձությունների շրջապտույտի մեջ, այլ Ձեր ընդունած դիրքորոշումով և մտադրությամբ Դուք եք կառավարում դեպքերը, Դուք եք որոշում՝ դրանք Ձեզ համար հաջողության տանող աստիճաննե՞ր են, թե՞ հուսահատությամբ կամ տրամադրության անկումով նահանջ ու ընկճում:

Նախատրամադրվածությունն ու մտադրությունը շատ մեծ ազդեցություն ունեն Ձեր օրվա ու կյանքի վրա: «Ինչ ցանես, այլն էլ կհնձես» ժողովրդական իմաստուն ասացվածքը վերաբերում է նաև հենց այս իրողությանը: Հաջողության միտվածությունը հաջողություն կբերի, ձախողումի ու նեղության մեջ սեփական անձը պատկերացնելը համապատասխան ընկճված հոգեվիճակով նեղությունների ու խնդիրների առջև կկանգնեցնի: Միշտ պետք է հիշել աղոթքի մեծ զորության մասին: Ոչ միայն մեղքերի թողության համար աղոթքով և զղջումով ու ապաշխարությամբ Աստծո ներմանն ենք արժանանում, այլև գործի հաջողության համար աղոթքով և ճիշտ վերաբերմունքով ու արարքներով իրականության ընթացքը դարձնում ենք մեզ համար շահավետ ու նպաստավոր, որպեսզի ավելացնենք մեր կյանքում երջանկությունն ու բարիքները: